ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Ասկերանի շրջանում. կողմերից մեկը մահացել է, մյուսը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստացել

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Ասկերանի շրջանում. կողմերից մեկը մահացել է, մյուսը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստացել

2022թ. ապրիլի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Է. Մ.-ն և Է. Ե.-ն ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում գտնվող իրենց հատկացված տանը և նույն տան դիմացի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ են մտել Ա. Թ.-ի և Ռ. Կ.-ի հետ, որի ընթացքում Է.Մ.-ի և Է.Ե.-ի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներից առաջացած զայրույթից, ձեռքերով և տեղում վերցրած փայտի կտորով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ. Կ.-ի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Ա. Թ.-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ռ.Կ.-ին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, հայտնում են Արցախի դատախազությունից:

Հաջորդ օրը՝ ապրիլի 16-ին, ժամը 21-ի սահմաններում, նույն տանը նախնական համաձայնությամբ, նախորդ օրը կատարած սպանությունը թաքցնելու նպատակով, Ռ. Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Է. Ե.-ն պահելով Ռ. Կ.-ի ոտքերից, իսկ Է. Մ.-ն՝ թիկունքից, պոլիէթիլենային տոպրակը հագցնելով Ռ.Կ.-ի գլխին՝ խեղդել են, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Հանցանքը թաքցնելու նպատակով նրանք երկուսի դիակներն էլ թաղել են նշված տան բակում:

Նախաքննության ընթացքում Է. Մ.-ին և Է. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 12-րդ կետերով՝ երկու և ավելի անձանց սպանությունը մի խումբ անձանց կողմից և այլ հանցանքը թաքցնելու նպատակով որակյալ հատկանիշներով:

Է. Մ.-ի և Է. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2023թ. մարտի 24-ին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: