ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

Ապրիլի 27-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:

Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Օրենսդրական նախաձեռնությունների քննարկման շրջանակներում ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանը խորհրդարանին է ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նրա հաղորդմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 31 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է որպես օրենք:

«Յոթերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ: Խորհրդարանը 23 ձայնով կողմ է քվեարկել նախագծին:

Դավիթ Գալստյանը և Արթուր Մոսիյանը հայտնել են, որ հանձնախմբի ձևավորման համար Արցախի «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվի:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին խորհրդարանի ղեկավարը շնորհավորել ու աշխատանքում հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Հարցադրման համար հերթագրվել են 8 պատգամավոր, նրանց կողմից հնչեցվել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Դրանք ՀՀ վարչապետի հայտարարությունների, ժամկետանց վարկերի, կառավարությանն ուղղված դիմումների պատասխանների ուշացման, բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի, ալյընտրանքային էներգետիկ աղբյուրների, շրջափակման պայմաններում կտրոններով սննդամթերքի որակի ու մատակարարման, միջհամայնքային երթուղիների կարգավորման վերաբերյալ էին:

Ընդմիջումից հետո քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն: 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

28 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հերթական նիստն ամփոփվել է պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Իշխանյանի հայտարարություններով:

  • Կիսվել: