ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կատարելագործվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը

Կատարելագործվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ սույն թվականի ապրիլի 30-ին կայացած նիստում, ի թիվս այլ օրենքների, ընդունվել է նաև ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը Հանրապետության նախագահը ստորագրել է մայիսի 19-ին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
 

«Օրենքի նախագիծը պատրաստվել էր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները իրենց բնույթով միտված են օրենքի որոշ դրույթների ձևակերպումների անհստակությունների վերացմանը, ինչպես նաև Պաշտպանի որոշ լիազորությունների գործադրման իրավական հիմքերի ուղղակի ամրագրմանը, մասնավորապես՝

  1. ամրագրվել են Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները,
  2. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը,
  3. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը,
  4. 4. հստակեցվել են Պաշտպանի այլ գործառույթներ և իրականացվել են մի շարք տեխնիկական ու ոճական խմբագրումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Օրենքի նախագծի ընդունումը՝ այն համարելով կարևոր քայլ Պաշտպանի հաստատության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ճանապարհին: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի իրավակարգավորումների զարգացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: