կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կապել են մեր ձեռքերն ու քարշ տալով տարել իրենց հենակետ․ ադրբեջանական գերության մղձավանջային 5 օրերը

Կապել են մեր ձեռքերն ու քարշ տալով տարել իրենց հենակետ․ ադրբեջանական գերության մղձավանջային 5 օրերը

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Գայանե Գաբրիելյանը իր հարևանուհու առաջարկով սուրճի ընդմիջում էին անում, երբ պատերազմը սկսվեց, ու Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում բոլորը խառնվեցին իրար։ Մինչ այդ, սահմանամերձ բնակավայրում արդեն գիտեին թշնամու զենքի և զորքի կուտակումների մասին։ 

Գայանեն MediaHub-ին պատմել է, որ ինքն ու Գոհարն առաջինը վազել ու գնացել են համայնքապետարան, որ գյուղապետից իմանան ինչ են անելու։
 
«Գյուղը՝ մեծից փոքր, հավաքվել էր բնակելի տներից ոչ հեռու հատվածում, նստել բաց երկնքի տակ։ Մտածել ենք, որ որպես խաղաղ բնակիչներ, մեզ ոչինչ չեն անի։ Այնինչ, ադրբեջանցիները մի քանի անգամ մեր ուղղությամբ կրակել են օդային հարվածներով»,- պատմել է Գայանեն։ 
 
MediaHub-ն արդեն անդրադարձել է Սառնաղբյուրի դեպքերին։ Հիշեցնենք, որ այդ օրը նույն վայրում մահացու վիրավորում են ստացել 5 հոգի, որից 3-ն անչափահասներ, մյուսները ստացել են մարմանական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ոտքից բեկորային վիրավորում է ստացել նաև մեր զրուցակիցը։ 
 
Նրա խոսքով՝ վիրավորում ստացած սառնաղբյուրցիների մի մասը մի քանի ժամ անց տեղափոխվել են Ասկերան շրջկենտրոն, այնտեղից էլ Ստեփանակերտ։ 
 
«Եթե օգնության մեքենան շուտ գար, հնարավոր կլիներ նրանց կյանքը փրկել, որովհետև շատերը մահացան արնաքամ լինելով»,- ասել է նա:
 
Սեպտեմբերի 19-ի դեպքերը վերհիշելով` Գայանե Գաբրիելյանը դժվարանում է պատմել առանց արցունքների։ Ինքը և համագյուղացի ևս 3 հոգի գերեվարվել ու կտտանքների են ենթարկվել Աղդամում, ապա Շուշիում։ 
 
«Ես փորձեցի վիրավորների հետ մեքենայով գնալ, բայց քանի որ տեղ չկար, ստիպված մնացի գյուղում։ Ամուսինս՝ Ապրեսը Ստեփանակերտում էր, ուստի այդ վիճակում ես այլևս ոչինչ անել չէի կարող։ Մնացել էինք 5 հոգի։ Ես, Լիաննան, հոգեկան առողջության հետ կապված խնդրով մի տղա, Ջեմմա տատին, իսկ նրա հաշմանդամ տղան Լիպարիտը վիրավորվել էր, վիճակն այնքան ծանր էր, որ մտածում էինք արդեն մահացել է, թողել ենք զոհված քաղաքացիների մոտ։ Հետո պարզվեց, որ Լիպարիտը ողջ է։ Բոլորս վիրավոր, իրար օգնելով 4 հոգով մնացինք, որովհետև քայլել չէինք կարող։ Մեզանից ամենամոտը գյուղապետի տունն էր։ Եկանք ու ապաստանեցինք այնտեղ, մինչև որ մեր հետևից օգնություն կգա։ Իսկ այդ ընթացքում անընդհատ կրակում էին։ Մեզ մոտեցան 2 զինծառայողներ՝ վիրավոր վիճակում, ասացին, թե Հադրութից են, Ստեփանակերտում են ապրում, ասացի, որ մեքենա կա, քշեք մեզ հանեք այս դժոխքից։ Տղաներից մեկը նստեց ղեկին, որ «խոդի» գցի «Ուրալ»-ը, որ մեզ էլ տեղափոխի իրենց հետ, բայց մեքենան խնդիր ուներ, չստացվեց։  Զինծառայողները հարցրեցին ռուս խաղաղապահների հենակետի տեղը, այդ հիվանդ տղան ուղեկցեց, որ այնտեղ էլ ռուսներին իմաց տան, որ մենք գյուղում ենք, վիրավոր վիճակում»,- հիշել է Գայանե Գաբրիելյանը։ 
 
Ըստ մեր զրուցակցի՝ մի քանի ժամ օգնության սպասելով մնացել են համայնքի ղեկավարի տանը, օգնության փոխարեն, սակայն, հաջորդ օրն ադրբեջանցիներն են այցի եկել։ «Ես Լիաննային ասացի՝ «խնդրում եմ, դուրս արի, տես, եթե մարդ է երևում, ասա, որ այստեղ ենք, գան, մեզ հանեն, վիճակս ահավոր էր»։ Լիաննան դուրս եկավ ու գլխից բռնած սարսափած վիճակում մտավ, ասաց՝ «ադրբեջանցիներն արդեն այստեղ են»։ Նրանք բարձր գոռում էին ու ինչքանով որ հասկացել եմ, ջուր էին ուզում։ Երբ վարագույրը քաշեցի ու դեպի դուրս նայեցի, չգիտեմ ինչպես ընկա գետնին։ Նրանք ներս մտան, բոլորս վախեցած էինք. դա աննկարագրելի սթրեսային վիճակ էր, շունչս չէր հերիքում։ Ներս են մտել, ռուսերենով ասում են՝ «վեր կաց», ասացի՝ «ես վիրավոր եմ, չեմ կարողանում, խնդրում եմ մեզ չսպանեք, մենք ոչինչ չենք արել, մենք հասարակ քաղաքացիներ ենք»: Նորից են ասում՝ «վեր կաց, ոչինչ չենք անի», խնդրեցի, որ օգնեն։ Ինձ նստեցրել են մահճակալի վրա, հարցուփորձ էին անում, թե ո՞ւմ տանը փող, ոսկի ու հայկական կոնյակ կա։ Հետո, պահը բաց չէին թողնում, օգտվելով մեր անօգնական վիճակից, հարվածում էին»։ 
 
Գայանեի պատմելով՝ ադբեջանցիները նույն պահից սկսել են «թալանը»։ Համայնքի ղեկավարի տանից կոնյակ են գտել, համագյուղացիներից մեկի տանից մեծ գումար են վերցրել, մյուսի տնից՝ ոսկի։ Գյուղը շտապ լքելու պահին շատերը ոչինչ չեն հասցրել վերցնեն։
 
«Մեզ տարան, ավելի ճիշտ՝ տանջամահ անելով հասցրեցին իրենց դիրքեր։ Կապել էին մեր ձեռքերից՝ հակառակ մեր բղավոցներին, հորդորներին, մոտ 5-6 կիլոմետր քարշ տալով հասցրել են իրենց հենակետ։ Այնտեղ իմ ձեռքից վերցրել են պայուսակս, աչքիս առաջ վերցրել 3 կտոր ոսկի, 500 հազար դրամ գումար, հետո ստուգել փաստաթղթերս։ Երբ տեսան կուսակցական անդամատոմսս, ասացին՝ դու «սնայպեր» ես։ Ես բացատրում էի, որ դա ինչ փաստաթուղթ է, իրենք չէին հավատում, դրա համար հալածում էին ինձ»,- հիշել  է մեր զրուցակիցը։
Ինչևէ, երեկոյան Գայանեին Լիաննայի, Ջեմայի ու Լիպարիտի հետ տեղափոխոխում են Ակնա (Աղդամ)։ Այնտեղ հանդիպել են Մարտակերտի շրջանից գերեվարված ևս 2 հոգու՝ Լեռնիկ և Մարինե անուններով։ 
 
«Երևում էր, որ բորենիները լավ հալածել են, ծեծի են ենթարկել։ Ես ու Լիաննան ռուսերեն հաղորդակցվում էինք։ Ասացին օգնեք պարզենք նրանց ինքնությունը։ Լեռնիկն ու Մարինեն ամուսիններ չէին։ Նրանք պատմեցին, որ անասնապահությամբ են զբաղվել Հովիկ անունով մի մարդու ֆերմայում, ընդամենը աշխատողներ։ Ադրբեջանցիները չէին հավատում, ու Լեռնիկին շարունակ ծեծում էին»,- ասել  է ականատեսը։ 
 
Հետո բոլորին հավաքել են իրար մոտ, ուտելիք տվել, հարցրել, թե ով բժշկական միջամտության կարիք ունի։ «Բժիշկը եկավ, վիրակապեց մեր վերքերը, ու պահը բաց չթողեց 2 անգամ գլխիս հարվածեց։ Ես ասում էի՝ «ինչո՞ւ եք խփում, չեք տեսնում մեր վիճակը, ի՞նչ ենք արել ձեզ», ասաց՝ «помнишь Агдам?»։ Ես ասացի, որ այդ ժամանակ ես փոքր եմ եղել և չեմ հիշում դեպքերը, ամեն ասելով՝ խփում էին։ Հայ գերիներին առանձին-առանձին տեղ են հատկացրել»։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց վերաբերում էին այնպես, կարծես ահաբեկիչներ են ձերբակալել։ «Երբ ինձ տանում էին իմ խուց, Լիպարիտի խցի դուռը բաց էր, այնպես էին ծեծում այդ խեղճ տղային, ինքն առանց այն էլ հաշմանդամ էր, դժվարանում էր քայլել, ու վիրավորում էր ստացել։ Ծեծում էին, սիրտս մղկտում էր, բայց ոչինչ անել չէի կարող»,- հիշել է մղձավանջը նա:
 
Հաջորդ օրը սկսվում է ադրբեջանական շոուն։ Գայանե Գաբրիելյանն ասում է, որ մինչ հեռուստաալիքները կգան նկարահանելու, իրենց նոր հագուստներ են հագցրել, պարտադրել՝ տեսախցիկի առջև՝ «բոլորդ կժպտաք, կասեք, որ ձեզ լավ են վերաբերվել»։ 
 
«Երբ սկսվեցին նկարահանումները, մեզ տաք թեյ էին տալիս։ Վիրակապում էին մեր վերքերը, մենք էլ ստիպված ասում էինք՝ «լավ են վերաբերվում»»։
 
Ակնայում մնալու մի քանի օրերի ընթացքում ամեն օր հայ գերիներն ընդունել են ադրբեջանական տարբեր լրատվամիջոցների։ Գայանեն ասում է՝ երբեք չի մոռանա ո՛չ տանջանքները, ո՛չ էլ ծաղրանքները, որ ամեն օր հարկադրաբար կուլ էին տալիս։ 
 
«Անգամ կին ոստիկաններն էին ծիծաղում մեր վիճակի վրա։ Նկարահանումից առաջ Լիաննային այնպիսի սանրվածք են արել, որ ծիծաղ առաջացնի, ճակատին էին հավաքել մազերը»։ 
 
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանցի սպաներից մեկը նրան ասել է, որ իրենց չեն պահելու, տանում են Շուշի, այնտեղից էլ կփոխանցեն հայ փրկարարներին։ Գերեվարված 6 քաղաքացիական անձանց հաջորդ օրը տեղափոխել են Շուշի, հրահանգել․ «ճանապարհին ոչ ոք, ոչ մի բառ չխոսի»։
 
Ճանապարհին մի քանի ադրբեջանական հենակետում կանգնել է մեքենան։ 
 
«Մենք ոչինչ չենք խոսել, էլի մտել են մեքենայի մեջ, հեռախոսներով նկարել, ծիծաղել մեզ վրա։ Շուշիի խցում հանդիպել ենք Սզնեքից ու Խաչմաչից գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց կանանց, որոնց վրա ևս ակնհայտ բռնության հետքեր կային։ Ադրբեջանցի սպան ասում էր՝ «մենք կարող ենք ձեզ այստեղ սպանել ու թաղել, բայց չենք անում»։ Մեզ համար դա փրկություն կլիներ, քան այն կտտանքները, որ մեզ ենթարկել են գերության 5 օրերին։ Մենք սպասել ենք այնքան, մինչև փրկարարները եկել են Շուշիի մատույցներ, մեզ փոխանցել են հայկական կողմին»։
 
Մղձավանջային այդ օրերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվել էր մի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները «մեծահոգություն» ցուցաբերում հայ գերիների նկատմամբ։ Գայանեի ամուսինը, գերեվարված մյուս քաղաքացիների հարազատները նրանց վերադարձնելու համար դիմել են Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փնտրել ամեն տեղ։
 
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Գայանեի հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց․․․ «Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այդ օրը հարյուրավոր հիվանդներ էին հիվանդանոցում, ոչ ոք ինձ բուժօգնություն չցուցաբերեց։ Պարզ էր, նրանք ավելի ծանր վիճակում էին։ Հաջորդ օրը բժիշկներն ինձ էլ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Այստեղ վիրահատվել եմ, փառք Աստծո, հիմա լավ եմ», - հավելել է Գայանեն։

  • Կիսվել: