Կաղարծիի դպրոցում հայրենասեր ու խիզախ սերունդ է դաստիարակվում
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 42 աշակերտ, և դասավանդում 14 մանկավարժ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթօջախի տնօրեն Լյուդմիլա Հայրապետյանը նշեց, որ աշակերտների քանակը գյուղի երիտասարդ ընտանիքների թվով է պայմանավորված։

«Դպրոցում «քիմիա» և «կենսաբանություն» առարկաները ընթացիկ ուսումնական տարում չեն ուսուցանվում, դասավանդող ուսուցչի կարիք ունենք: Այս տարի դպրոցն ավարտող աշակերտների ատեստատներում պետք է գրենք, որ տվյալ առարկաները չեն ուսումնասիրել: Ավարտող աշակերտներից մեկը պետք է ընդունվեր Հայաստանի ամերիկյան համալսարան, բայց, Արցախի շրջափակմամբ պայմանավորված, չի կարողացել Երևան մեկնել»,-նշել է Լ.Հայրապետյանը:

Նրա խոսքով` խնդիր է նաև ֆիզկուլտուրայի դասերի կազմակերպումը. մարզադահլիճ չունեն, դասերը դասասենյակներում են անցկացնում։

«Կրթօջախի դասարաններն անվանակոչել ենք Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների անուններով: Աշակերտներին կրթում ու դաստաիարակում ենք այդ ոգով: Նրանք էլ իրենց հերթին գիտակցում են հերոսների սխրանքն ու առաջնորդվում նրանց վեհ գաղափարներով»,-ընդգծել է մեր զրուցակիցը: