հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կադրային նոր համալրումներ Արցախի կառավարության կազմում

Կադրային նոր համալրումներ Արցախի կառավարության կազմում

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարությունում նախարարական պորտֆելների մասով նոր անուններ են քննարկվում:

InfoPort.am-ի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, սպասվում են նաեւ կառավարության կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, խոսվում է նոր՝ տարածքային կառավարման նախարարություն ստեղծելու մասին, որի ղեկավարումը կստանձնի գործող գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Իսկ գյուղատնտեսության նախարարի հավանական թեկնածուն, ըստ աղբյուրի, կլինի Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի նախկին ղեկավար Աշոտ Բախշիյանը:

InfoPort.am-ը կշարունակի տեղեկացնել Արցախի կառավարական փոխատեղումների մասին:

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ պետնախարարի պաշտոնի համար արդեն կա որոշում: Այդ պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի ներկայիս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը:  

Իսկ ահա պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կվերադառնա իր հարազատ ` ֆինանսների նախարարի պաշտոնին: Ըստ մեր արցախյան աղբյուրի Մարտիրոսյանը արդեն իր համաձայնությունը տվել է նման փոխատեղմանը:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի երկրորդ համար Կարեն Դանիելյանը: Կրթության նախարարի պաշտոնը կզբաղեցնի նույն դաշինքի 14 համար Լուսինե Ղարախանյանը, իսկ «Ազատ Հայրենիքից» ներկայումս պատգամավոր Արամ Սարգսյանը կնշանակվի քաղաքաշինության նախարար:

ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի ներկայումս «Հայրենիք» Ֆրակցիայի նախագահ Արթուր Թովմասյանը, խմբակցության ղեկավար կլինի ներկայիս ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, իսկ քարտուղար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը:

Նշենք, որ արդեն կան նաև առաջին հրաժարական ներկայացնողները: Դրանց թվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

  • Կիսվել: