ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կա ըմբռնում, թե ինչ է պետք անել Արցախում և՛ կրթության, և՛ ենթակառուցվածքների, և՛ ֆինանսների ոլորտներում. Վարդանյան

Կա ըմբռնում, թե ինչ է պետք անել Արցախում և՛ կրթության, և՛ ենթակառուցվածքների, և՛ ֆինանսների ոլորտներում. Վարդանյան

Մենք արել ենք ամենակարևորը՝ գույքագրել ենք այն, ինչ կա Արցախում։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով ներդրումներ ներգրավելու, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար պետք է հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակն Արցախում․

«Ներդրումներ ներգրավելու, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար դու ինքդ պետք է նախ հասկանաս, թե ինչ ունես այստեղ, ինչ իրավիճակ է այստեղ։ Երկրորդ, մենք հստակ պարզել ենք, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչպես է աշխատում Արցախում երկրի կառավարման մեխանիզմը։ Երրորդ, մենք իսկապես տեսանք մեր նեղ տեղերը, և որտեղ մենք ունենք ամենաշատ խնդիրները, որտեղ մենք ունենք ամենաշատ մարտահրավերները: Հեշտ բան չէ ախտորոշել և հասկանալ ցավի կետերը։ Դա ժամանակ է պահանջում»։

Նա ընդգծել է, որ Արցախի պետնախարարի պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում նախատեսվում էր ներկայացնել հետագա քայլերի տեսլականը, և այժմ այն կա։ Այժմ, ըստ նախկին պետնախարարի, կա ըմբռնում, թե ինչ է պետք անել Արցախում և՛ կրթության, և՛ ենթակառուցվածքների, և՛ ֆինանսների ոլորտներում։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շրջափակումը և տեղաշարժվելու հնարավորության սահմանափակումը կասեցրել են շատ բաներ, բայց շատ նախագծեր ընթացքի մեջ են, և դրանք իրականացվում են:

«Եթե մենք ուզում ենք համակարգ կառուցել, այլ ոչ թե պարզապես փիառ իրականացնել, ապա դա շատ համակարգված մոտեցում է պահանջում»,- պարզաբանեց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով շատ մշակումներ կան, բայց հարցն այն է, թե կօգտվի արդյոք նախագահը, իսկ այն, թե ինչպես է նա աշխատելու հաջորդ պետնախարարի հետ, կլինի նրա որոշումը։

Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում իր փորձը գնահատել է որպես եզակի և ֆանտաստիկ:

Նրա խոսքով կառավարության առաջին նիստում ինքը նախանշել է հինգ ճգնաժամ՝ ֆինանսական ճգնաժամ, սահմանադրական բարեփոխումների ճգնաժամ, պետության կառավարման ճգնաժամ, հնարավոր շրջափակման կամ ծանր ձմռան ճգնաժամ և ապատիայի ու անտարբերության ճգնաժամ:

«Ես պետք է ասեմ, որ այս բոլոր հինգ ճգնաժամները ես համարել և համարում եմ սկզբունքորեն կարևոր և դրանց մասին խոսել եմ և դրանց դեմ պայքարել։ Ինչ-որ տեղ մեզ հաջողվեց ինչ-որ բան փոխել, ինչ-որ տեղ՝ ոչ, բայց գլխավորն այն է, որ մենք իսկապես մտանք այս ձմեռ ոչ այնքան պատրաստ։ Ես իսկապես խոնարհվում եմ և մեծ հարգանք եմ տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր դիմացել են մեզ հետ պատահած այս ամենին»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2023թ․ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանգրով Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից։ Արցախի արդեն նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարար նշանակվելու Հարությունյանի առաջարկը։

 

  • Կիսվել: