ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կա բանակի մարտունակությունը վտանգող լրջագույն խնդիր. Բեգլարյանը՝ բանակում ողբերգական միջադեպերի մասին

Կա բանակի մարտունակությունը վտանգող լրջագույն խնդիր. Բեգլարյանը՝ բանակում ողբերգական միջադեպերի մասին

Ինչպես շատերի, այնպես էլ իմ մտահոգությունների կիզակետում է բանակում վերջին շրջանում արձանագրված ոչ մարտական մահվան դեպքերի աճը:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով բանակում ողբերգական միջադեպերին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավում եմ բոլոր անդառնալի կորուստների համար և կիսում զոհվածների հարազատների անսփոփելի վիշտը:


Մի բան միանշանակ է. կա մարդկային կյանքերն ու բանակի մարտունակությունը վտանգող լրջագույն խնդիր, իսկ այդ խնդրի խորքային պատճառները հասկանալու և վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են համապարփակ ու արհեստավարժ հետազոտություններ բանակի կառավարման համակարգի, զինծառայողների հարաբերությունների ենթամշակույթի, նրանց վարքի վրա ազդող միջավայրային բոլոր գործոնների վերաբերյալ:

Միայն այդ հետազոտություններից հետո կարելի է արդյունավետորեն քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: Այո, Հայոց բանակն անցել է բարեփոխման ու զարգացման նշանակալի ճանապարհ, բայց կենդանի օրգանիզմների բարեփոխումը պետք է շարունակական լինի՝ ըստ ժամանակի պահանջների ու մարտահրավերների:

Այն, որ պատճառներից մեկը քրեական ենթամշակույթն է, անվիճելի է, սակայն նույնչափ անվիճելի է, որ պատճառները համալիր են: Մի պարզ օրինակ բերեմ, որը շատ ավելի անտեսանելի է կողքի աչքի համար, բայց, միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ. արդյո՞ք դիրքապահների ծառայության կազմակերպման առանձնահատկությունները (այդ թվում՝ ժամանակացույցը) օպտիմալ են նախատեսված, որոնք կարող են հյուծել նրանց ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես՝ բացասականորեն անդրադառնալով նաև նրանց վարքի վրա: Եվ այսպիսի հնարավոր պատճառները քիչ չեն, որոնք պետք է արհեստավարժ կերպով վեր հանվեն համապատասխան մասնագիտական հետազոտությունների շրջանակներում և տրվեն արդյունավետ լուծումներ:


Թեև իմ պաշտոնական լիազորություններն ու հնարավորությունները խիստ սահմանափակ են, սակայն պատրաստակամ եմ լիազորություններիս և ազգային/քաղաքացիական պատասխանատվությանս շրջանակներում առավելագույնս նպաստել այդ հիմնախնդրի համապարփակ ու խորքային հետազոտության իրականացմանը և առաջիկայում նախատեսում եմ նախաձեռնողականություն ցուցաբերել այդ առումով»:

  • Կիսվել: