կիրակի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2023
Ինը երեխաներից երեքի վիճակը ծանր է․ իրավիճակը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում (տեսանյութ)

Ինը երեխաներից երեքի վիճակը ծանր է․ իրավիճակը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում (տեսանյութ)

«Արեւիկ» բուժմիավորում է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 6-ի վիճակը միջին ծանրության է, նրանք մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներ ունեն: Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն են հաղորդել «Արեւիկ» բուժմիավորման բժիշկներից:

«9-ից 3-ը գտնվում են ծանր վիճակում, որոնց մեկը գտնվում է վիրահատարանում եւ վիրահատվում է ներքին արյունահոսություն ախտորոշմամբ: Մեկ երեխա արդեն վիրահատվել է կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով: Մեկ երեխա ծանր գանգուղեղային վնասվածք ունի, պատրաստվում է վիրահատության»,- նշեց բժիշկը:

Արցախի բնակիչներից մեկը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ժամանակ ընտանիքին իջեցրել է նկուղ, սակայն կինը եւ թոռնիկը վիրավորում են ստացել. «Կինս վիրավորվել է, թոռս էլ: Երկուսին էլ վիրահատում են»:

«Մենք գյուղից դուրս ենք եկել, մի ծառի տակ նստել ենք, որ կրակոցները հանդարտվեն, կարողանանք դուրս գալ, այդ պահին խփել են, ընկել է երեխեքի առաջը, ու այդպես բոլորը վիրավորվել են, երեւի բնակչության շրջանում զոհեր էլ ունենք»,- պատմել է Արցախի բնակիչը:

Արցախցիներից մեկը պատմել է, որ իր 3 երեխաներն էլ վիրավորում են ստացել. «Մեկն էլ ռուսների մոտ է: Չգիտեմ՝ ինքը լա՞վ ք, թե ոչ»:

Հեռուստաընկերության հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ իր ներկայությամբ արձանագրվել է առնվազն 50 անձանց մուտքը հիվանդանոց, այդ թվում՝ կոնկրետ տեղում 15 քաղաքացիական անձանց մասին է խոսքը. «Մեր հավաքագրած տեղեկատվության համաձայն՝ շուրջ 23 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որոնց մեջ նաեւ 8 երեխաներ: Սա ոչ թե հակաահաբեկչական գործողություն է, այլ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության արյունալի փուլն է: Սա նաեւ միջազգային հանրության այս 9 ամիսների ընթացքում ցուցաբերած անգործության, անհասցե հայտարարությունների եւ անկարողության հետեւանքն է»:

 

  • Կիսվել: