ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինքնասպանությանը հավասար գործողություն կարող է լինել, եթե հակառակորդը գնա լայնածավալ պատերազմի․ Անդրանիկ Քոչարյան

Ինքնասպանությանը հավասար գործողություն կարող է լինել, եթե հակառակորդը գնա լայնածավալ պատերազմի․ Անդրանիկ Քոչարյան

Եթե հակառակորդը որոշի գնալ լայնածավալ պատերազմի ճանապարհով, ապա դա ինքնասպանությանը հավասար քայլ կարող է լինել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով լայնածավալ պատերազմի հավանականության մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես կարծում եմ, որ դա ինքնասպանությանը հավասար գործողություն կարող է լինել, եթե հակառակորդը գնա այդ ճանապարհով։ Դա նշանակում է՝ օգտվել Ռուսաստանի այս ծանր վիճակից և անել գործողություն, որը ավանտյուրիզմի հավասար գործողություն է, որովհետև մենք այսպես, թե այնպես պետք է պաշտպանենք մեր ազգաբնակչությանը Պաշտպանության բանակի բոլոր հնարավորություններով՛՛:

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը չի կարող հանդուրժել Արցախի ազգաբնակչությանը սպառնալիքի գոյությունը։

՛՛Համոզված եմ, որ սառը գիտակցումը պետք է հեռու պահի հակառակորդին նման զարգացումներից, որովհետև գործողությունը գործողություն, բայց նաև պատասխան տալու ժամանակ է գալու՛՛,–նշեց նա։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը նկատեց՝ սա հակառակորդի համար ամենահարմար պահն է նման քայլերի դիմելու համար: Նրա դիտարկմանն ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ երբ Ռուսաստանն Ուկրաինայում հասնի իր նպատակին, կամ ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, ապա Ռուսաստանը չի մոռանալու, որ երաշխավորն է Արցախի հակամարտության տիրույթում և այնպայման չի հանդուրժի, որ ինչ-որ մեկն այդ պահին օգտվեց իր խառը լինելու հանգամանքից։

Հարցին՝  արդյոք վստա՞հ է, որ այդպես կլինի, Քոչարյանը պատասխանեց. ՛՛Ուրիշ տարբերակ գոյություն ունի՞։ Այդ դեպքում մենք պետք է կողմնորոշվենք՝ որ ճանապարհով պետք է լուծենք Արցախի ազգաբնակչության անվտանգության խնդիրը՛՛։

  • Կիսվել: