շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ է Բաքուն շտապում Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող ճանապարհի կառուցման հարցում․ ինչ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Բաքուն շտապում Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող ճանապարհի կառուցման հարցում․ ինչ սպասել առաջիկայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանը շուտով կավարտի Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները ճանապարհի կառուցման ընթացքից լուսանկարներ էին հրապարակել: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, ապա կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ըստ ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ների՝ 32 կմ երկարությամբ ճանապարհը կվերահսկեն ռուս խաղաղապահները: Ի դեպ, Հայաստանից դեպի Արցախ գազատարը նույնպես կարող է անցնել այդ ճանապարհով:

«Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված: «Կողմերի համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ»,- գրված է հայտարարության տեքստի մեջ:
 
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցել են արդյոք: «Նման քննարկման մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, ու ենթադրել կարելի է, որ նման քննարկում կա՛մ չի եղել, ու Բաքուն միանձնյա է որոշել ճանապարհի երթուղին և մյուս բոլոր հանգամանքները, կա՛մ էլ «ծածուկ կամ բանավոր պայմանավորվածություններ» են եղել, ինչի մասին գուցե հետագայում իմամանք»,- ընդգծում է մեր զրուցակիցը: Նա ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանցիների շտապողականության վրա:

  • Կիսվել: