երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Իմ պարտքն եմ համարում Արցախի համայնքներում վեր հանել շնորհաշատ երիտասարդների». Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Ստեփանակերտում հանդես է եկել դասախոսությամբ

«Իմ պարտքն եմ համարում Արցախի համայնքներում վեր հանել շնորհաշատ երիտասարդների». Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Ստեփանակերտում հանդես է եկել դասախոսությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Արցախի գիտական կենտրոնի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Ստեփանակերտի ավագ դպրոցների բնագիտական հոսքի աշակերտների համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսության ժամանակ  Արեգ Միքայելյանը անդրադարձավ աստղագետի գործիքների կարևորությանը, Գալիլեո Գալիլեյի, Վիկտոր Համբարձումյանի  հայտնագործություններին, աշխարհի խոշորագույն ցամաքային աստղադիտակների առանձնահատկություններին, ժամանակակից աստղագիտության զարգացման միտումներին և մի շարք այլ հարցերի: 
 
ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ մեր գիտակրթական կյանքում սկսվում է նոր փուլ:
 
«Մենք  սկսելու ենք մեծ տեղ տալ և քայլեր ձեռնարկել աստղաֆիզիկայի զարգացման ուղղությամբ: Մենք խմբակներ կբացենք դպրոցներում բոլոր այն երեխաների համար, ովքեր հետաքրքրված են աստղերով և տիեզերքով: Կարծում եմ՝ մենք իսկապես  կարող ենք  աստղաֆիզիկայի բնագավառում նվաճումներ ունենալ ու մեր տեղը գտնել աշխարհի գիտակրթական դաշտում», - նշեց Լ. Ղարախանյանը:
 
 Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը կարծում է, որ Արցախի գիտական կենտրոնում բացված աստղադիտական լաբորատորիան հիմք կհանդիսանա աստղագիտական  կրթության զարգացման և երիտասարդ կադերի պատրաստման հարցում:
 
«Իմ խորին համոզմունքն է, որ Արցախում, առավել ևս՝ հեռավոր գյուղերում, ապրում են պոտենցիալ Համբարձումյաններ, և ցավալի է, որ լավ հնարավորություններից օգտվում են միայն մայրաքաղաքներում ապրողները: Դրա համար իմ պարտքն եմ համարում, նաև այցելել Արցախի համայնքներ, գիտելիքով կիսվել, հայտնաբերել շնորհաշատ երիտասարդների և  օգնել նրանց, որպեսզի լավ մասնագիտական աճ ունենան, քանի որ ամբողջ մարդկության առաջընթացը ապահովում է գիտության զարգացումը», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Միքայելյանը:

  • Կիսվել: