չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իմ խոնարհումն եմ ուզում բերել Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին. ԱՀ նախագահը՝ հերոսի հորը

Իմ խոնարհումն եմ ուզում բերել Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին. ԱՀ նախագահը՝ հերոսի հորը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում իր խոսքն է հղել ժամկետային զինծատայող, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՛՛Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր՛՛:

՛՛Սիրելի ՛ Արտակ

Պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում:

Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:

Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի:

Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին:

Պատի՛վ ունեմ՛՛:

 

  • Կիսվել: