չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ Արայիկ Հարությունյան

Հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ Արայիկ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ-ուղերձով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ-պետություններին:

«Հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և վերականգնել վերջինիս գործառությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման: Միաժամանակ հիշեցնում եմ, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր պարտավորությունն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվություն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը: Կոչ եմ անում ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ-ի հատուկ խորհրդականին և այլ համապատասխան կառույցներին փոխանցված՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական և իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին: Առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմի ձևավորման գործընթացում»,- ասաց ԼՂ նախագահը:

Արայիկ Հարությունյանը, դիմելով ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին, հորդորեց գործարկել իր մանդատի ներքո վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ ԳՔ-ին և նրա միջոցով՝ ԱԽ-ին:

«Հորդորում եմ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջացքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետևանքը»,- ասվում է ուղերձում:

Արայիկ Հարությունյանը ՄԱԿ-ում այլ պաշտոններ զբացեղնողներն ևս հորդորում է գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ: 

  • Կիսվել: