ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հիմա մի շրջան է, երբ ուղղակի պետք է սպասել՝ պահպանելով կայունությունը և զինադադարի ռեժիմը. Մնացականյան

Հիմա մի շրջան է, երբ ուղղակի պետք է սպասել՝ պահպանելով կայունությունը և զինադադարի ռեժիմը. Մնացականյան

Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ այդ գործընթացը, այն ինչ կատարվում է, ռուսական կողմն ընկալում է որպես բուն բանակցություններ, և կա փուլային տարբերակ:

՛՛Այդ առումով հիմա մի շրջան է, երբ ուղղակի պետք է սպասել՝ պահպանելով կայունությունը և զինադադարի ռեժիմը, անցնել այս շրջանը և հետո նորից ներգրավվել մեր աշխատանքի մեջ, ինչպես և ծրագրվում էր: Մեր վերջին հանդիպումը հունվարին էր Ժնևում, և բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կարգավորմանը՝ թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերով, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա վերաբերում է առաջին հերթին խաղաղությանը նպաստող միջավայրին՛՛,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ իրենք այդ հարցերի շուրջ ունեն ծրագրեր, և հիմա ինքն էլ անհամբեր սպասում է՝ երբ հնարավորություն կլինի անցնել բնականոն աշխատանքի: Մնացականյանն ասաց. ՛՛Այդ ժամանակահատվածում, ես արդեն ասել եմ, մենք մշտական, շատ անմիջական, շատ արագ կապի մեջ ենք համանախագահների հետ, և միմյանց տեղյակ ենք պահում:

Բնականաբար, դժվար է, հեռախոսակապով, տեսակապով նույնը չէ, բայց նորից եմ կրկնում՝ ես անհամբեր սպասում եմ, երբ հնարավորություն կլինի նորից շարունակել, նոր ծրագրված աշխատանքներն իրականացնել նորմալ, բնականոն աշխատանքային միջավայրում, ինչ մինչ այժմ աշխատել ենք՛՛:

 

  • Կիսվել: