ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«ՀՀ-ն հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով». Բայրամովն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի որոշմանը

«ՀՀ-ն հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով». Բայրամովն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի որոշմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակով արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը:

Նա նամակում նշել է, թե ՛՛Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով՛՛:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Բայրամոբվի՝ Գուտերեշին ուղղված նամակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. ՛՛Արտաքին գործերի նախարարը նամակում նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար և չի կարող ուժով սահմանափակել բողոք հայտնելու նրանց օրինական իրավունքը՛՛:

Բայրամովը նաև գրել է ՛՛Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը չարաշահելու դեպքերի մասին՛՛ ու պնդել, որ Ադրբեջանը երաշխավորում է ճանապարհի անվտանգությունը՝ ընդգծելով, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ցուցարարները չեն խոչընդոտում երթևեկությունը:

Մասնավորապես՝ նա նշել է, որ ճանապարհով անարգել անցնում են Կարմիր խաչի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մեքենաները:

Բայրամովը Գուտերեշին ուղղված նամակում նաև նշել է, որ  Ադրբեջանն առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ճանապարհին, սակայն ՛՛հայկական կողմը դա մերժել է, այդ մասին վկայում է այն, որ Երևանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով՛՛:

 

  • Կիսվել: