շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը արցախցիների մասին որոշումներ կայացնում է առանց արցախցիների. Խանումյան

ՀՀ կառավարությունը արցախցիների մասին որոշումներ կայացնում է առանց արցախցիների. Խանումյան

Հայաստանի կառավարությունը բավականին ոչ ժողովրդավարական որոշումներ են ընդունում արցախցիների հետ կապված, որեւէ մասնակցային որոշում գոյություն չունի:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը: «Արցախի իշխանություններին կամ այլ ներկայացուցիչներին հրավիրում են այն պահին, երբ իրենք արդեն որոշումը կայացրել են:

Այսինքն հրավիրում են, որ ասեն՝ գիտեք, մենք որոշել ենք այսպես, լինելու է բնակարանների գնման վկայական, սերտիֆիկար, յուրաքանչյուրին 3 մլն դրամ, դուք որոշեք առաջնահերթությունները, թե ով է առաջին տարում ստանալու, ով՝ 5-րդ տարում: Այդ մասնակցային որոշումներ չկայացնելը բերում է լուրջ հետեւանքների:

Կապ չունի ինչ հարց է, բոլոր հարցերը կայացնում են առանց արցախցիների հետ քննարկելու: Իրենք դա համարում են Հայաստանում առաջացած սոցիալական խնդիր, լուծում են տալիս, ոչ էլ հաշառու խմբերի ներկայացուցիչների հետ են զրուցում: Սա բերելու է լուրջ հետեւանքներ»,-ասաց նա: Խանումյանի խոսքով, բնակարաններից հետո հաջորդ կարեւոր խնդիր արցախցիների զբաղվածությունն է. «Էլի կառավարությունն ասում է՝ գտեք ձեզ մեր ծրագրերի մեջ:

Ասում ենք՝ փորձենք, գնում ենք նախարարություն, էնտեղ ասում են՝ գնալ ֆինանսական կառույցի հետ հարցդ լուծի, արի տոկոսներդ սուբսիդավորեմ: Գնում ես ֆինանսական կռույց, ասում է՝ գրավի առարկա պետք է լինի, բնականաբար, Ստեփանակերտի կամ Մարտակերտի բնակարանը գրավի առարկա չի կարող հանդիսանալ: Այսինքն անհնար է Հայաստանի ծրագրերի տրամաբանության մեջ արցախցիներին ներգրավել: Այսինքն փոխառու եւ վարկային միջոցները պետք է հասանելի լինեն արցախցիներին: Դրա համար Հայաստանը պետք է դոնոր կամ համագործակցող կազմակերպությունների ներգրավել»,- ընդգծեց Խանումյանը:

Նա անդրադարձավ նաեւ բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված կառավարության նախաձեռնությանը՝ ասելով, որ Այն, ինչ ուզում է անել կառավարությունը, սխալ  քաղաքականություն է, որը բերելու է արցախցիների մի մասի արտագաղթին:

«Եթե մենք ուզում ենք ժողովրդագրական խնդիր լուծել, ապա այս քաղաքականությունը բերելու է դրա ձախողմանը: Մենք առաջարկել էինք, որ գնան նոր բնակֆոնդի կառուցման ճանապարհով, հատկապես շրջանների բնակչությանը որոշակի մարզերում կենտրոնացնեն, Ստեփանակերտի բնակչության համար ուրիշ լուծումներ տան եւ այլն:

Կառավարությունն առաջարկում է 3 մլն դրամ մեկ շնչի հաշվով բակարանների գնման վկայական տալ, որը կտրվի 5 տարվա ընթացքում ըստ տարբեր խմբերի առաջնահերթությունների: Այս ամենն արված է այն հաշվարկով, որ մեկ շնչի համար հաշվել են 15 քմ բնակտարածք, մեկ քմ-ն մինչեւ 200 հազար դրամի շրջանակներում: Այդպիսի գին կա Հայաստանի բնակավայրերի մեծ մասում բացի 5-ից՝ Երեւան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Սա բերելու է հնամաշ, ոչ իրացվելի անշարժ գույքի գների աճի եւ իրացվելիության: Այդ դեպքում ի՞նչ է անում այն մարդը, որն իր անշարժ գույքը վաճառում է: Բնականաբար, նա թողնում ուրս է գալիս, լավագույն դեպքում գալիս է Երեւան, վատագույն դեպքում հեռանում է արտասահման: Այսինքն այս ծրագրով կառավարությունը մարզերի բնիկ բնակչությանը փոխարինում է բռնի տեղահանվածներով, չի լուծում ժողովրդագրական խնդիրը, առաջացնում է զուգահեռ խնդիրներ»,-ասաց նա:

Խանումյանի խոսքով, ճիշտ կլինի, եթե պետությունը, ենթադրենք, Կապանի գյուղական համայնքների հիմքի վրա կառուցի բնակավայր, որը կունենա նորմալ ենթակառուցվածքներ, նորմալ դպրոց, նորմալ ամբուլատորիա, դրան զուգահեռ ընտանեկան տնտեսություններ ստեղծի եւ լիզինգով տա այդ ընտանիքներին:

  • Կիսվել: