երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը չի կարող արդարացնել ՌԴ-ի կողմից իր պարտավորությունների չկատարումը. Բեգլարյան

ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը չի կարող արդարացնել ՌԴ-ի կողմից իր պարտավորությունների չկատարումը. Բեգլարյան

Մեզ համար Հայաստանի հայտարարությունների առումով կարեւորը մնում է այն, որ Հայաստանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Սա հիմնարար սկզբունքային խնդիրն է մեզ համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սրանից բխում են բազմաթիվ այլ գործողություններ եւ դիրքորոշումներ եւ Հայաստանի եւ միջազգային հանրության բոլոր դերակատարների կողմից:

Հնարավոր չէ, որ մենք ավելի բարձր նշաձող ակնկալենք միջազգային գործընկերներից, քան Հայաստանի կողմից իջեցված նշաձողն է: Այս տեսանկյունից արդեն մենք խիստ սահմանափակ հնարավորություններ ենք ունենում քաղաքական առումով մեր մեր ինքնորոշման իրավունքը ամրագրելու, վերահաստատելու եւ այդ իրավունքից բխող մնացած հարցերը բարձրացնելու: Դա որոշ չափով առնչվում է նաեւ շրջափակմանը, Լաչինի միջանցքին, հումանիտար հարցերին: Խոշոր հաշվով մեր իրավունքների եւ անվտանգության հիմնաքարը ինքնորոշման իրավունքն է: Այդ իրավունքը չպետք է անտեսվի Հայաստանի կողմից, այլապես մնացած բոլորը անտեսելու են ու արհամարհեն»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, թե Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը արմատապես փոխել է հիմնարար պայմանները, Արտակ Բեգլարյանն ասաց. «Այն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, դա չի կարող պայմանավորել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների չկատարումը, որովհետեւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմը հստակ ամրագրված է հայտարարությունում եւ դա ուղղակիորեն փոխկապակված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի հետ եւ այլն:

Նույնկերպ խաղաղապահ զորակազմի առաքելությունը որեւէ կերպ կապված չէ Հայաստանի դիրքորոշման կամ մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստի հետ: Այս տեսանկյունից ՌԴ-ն պարտվորություններ ունի ստանձնած նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ լեգիտիմ է մեր ակնկալիքը, որ այդ պարտավորությունները պետք է կատարվեն:

Մյուս կողմից ՀՀ իշխանությունները մեր հանդեպ պարտավորություններ ունեն ստանձնած, այդ թվում ՀՀ ժողովրդի առջեւ անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ, եւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դրանք պետք է կատարի: Սա վերաբերում է նաեւ միջազգային հանրության մնացած դերակատարներին:

Ուղղակիորեն Հայաստանի դիրքորոշումը իրավական առումով չի կարող ազդել այլ երկրների պարտավորությունների վրա: Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի պարտավորություն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, բայց քաղաքական առումով բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը, Արցախի քաղաքական ձայնը միջազգային հարթակներում ներկայացնողը մշտապես եղել է ու հիմա էլ կա Հայաստանը:

Եթե ՀՀ-ն քաղաքական առումով կտրուկ նշաձող է իջեցնում, դա առիթ է տալիս միջազգային դերակատարներին, այդ թվում Ռուսաստանին, ըստ կարիքի օգտագործել այս փաստարկը: Ես վտահ եմ, որ եթե ՌԴ-ի շահերից բխեր, իրենք ունենային այդ ցանկությունը այս հարցով կոշտ կերպով զբաղվելու, կարող էին հակառակ փաստարկը օգտագործել՝ ասելով, որ անկախ Հայաստանի դիրքորոշումից մենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր ենք, նոյեմբերի 9-ի կողմ ենք, մենք կատարում ենք մեր պարտավորությունը: Չմռանանք, որ ՌԴ-ն եւս հյտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»,-ընդգծեց նա:

 

  • Կիսվել: