հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում արցախյան բարբառին նվիրված գիտաժողով կկազմակերպվի

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում արցախյան բարբառին նվիրված գիտաժողով կկազմակերպվի

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին․ շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով է։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի պետական համալսարանից։

«Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին:

Կազմակերպիչները ցանկացողներին հրավիրում են մասնակցելու Երևանում հոկտեմբերի 20- 21-ը  կայանալիք գիտաժողովին, որը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ռուսերենը։

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը ։

Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը մինչև ընթացիկ տարվա  սեպտեմբերի 15-ն է։

  • Կիսվել: