ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել է «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:

«1915թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։

Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։

Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:

Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։

Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6 հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։

2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:

Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։

Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա»,-իր ելույթում ասել է նա:

  • Կիսվել: