շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԷԿ-երի կառուցման հետևանքների վերաբերյալ քննարկում՝ Ստեփանակերտում

ՀԷԿ-երի կառուցման հետևանքների վերաբերյալ քննարկում՝ Ստեփանակերտում

Այսօր`հունվարի 25-ին, «Վստահություն» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Արցախի հիդրոէներգետիկայի ոլորտում էկոհամակարգային մոտեցման ներդրման և շրջակա բնական միջավայրի կայունության հնարավորությունները» թեմայով։

բացման խոսքով հանդես է եկել «Վստահություն» կուսակցության նախագահ Գրիգորի Սահակյանը: Նրա խոսքով՝ քննարկաման կազմակերպման համար առիթ է հանդիսացել հասարակական և մասնագիտական լայն շրջանակների կողմից ՀԷԿ-երի կառուցման հետևանքով շրջակա միջավայրին հասցվող որոշակի վնասների և առաջացող բնապահպանական խնդիրների բարձրաձայնումը։
 
«Այդ առումով մտահոգության դրսևորում է վերջերս Ալեքսանդր Քանանյանի հայտարարած հացադուլը։ Թեման երկար ժամանակ է, ինչ արդիական է ու դարձել է «Վստահություն» կուսակցության ծրագրի առանցքային հարցերից մեկը: Քննարկման նպատակը ոչ թե ՀԷԿ-երի գործնեության դադարեցումն է, այլ նշված գործընթացի՝ բնապահպանական նորմերի պահպանմամբ ու առանց չարաշահումների կազմակերպումը»,-մասնավորապես ասել է նա:
 
Կլոր սեղան-քննարկմանը ներկա Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը ներկայացրել է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության գործառույթները ՀԷԿ-երի կառուցման պրոցեսում և նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները մշտադիտարկման, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։
 
Այնուհետև ներկաների կողմից  արտահայտվել են մասնագիտական  տարբեր տեսակետներ քննարկվող հարցի շուրջ:
 
Հանդիպման  վերջում Գ. Սահակյանի կողմից ներկայացվել է  քննարկման արդյունքում ձևավորված եզրակացությունը՝ ըստ որի անհրաժեշտ է կանգնեցնել նոր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունների տրման գործընթացը, ուսումնասիրել գետերի ելակետային տվյալները, մշակել գործող ՀԷԿ-երի բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու մեխանիզմները, վերանայել սակագնային քաղաքականությունը՝ ՀԷԿ կառուցելու նպատակով ծախսված միջոցները վերադարձնելու համար սահմանված 5-7 տարվա արտոնյալ ժամկետն ավարտվելուց հետո։

  • Կիսվել: