կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Մեզ կարկատանների վերածեցին՝ արցահայատություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն, սա անընկալելի, չարի գործոններն են․ Արցախի հոգևոր առաջնորդ

Մեզ կարկատանների վերածեցին՝ արցահայատություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն, սա անընկալելի, չարի գործոններն են․ Արցախի հոգևոր առաջնորդ

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր վաստակել են անկախությունն իրենք քրտնաջան ծառայությամբ, նվիրումով։ Այսօր Արցախի այս վիճակը, որում մենք գտնվում ենք, պետք է մասնագետների կողմից ընկալելի լինի այնքանով, որքանով մենք ենք հասկացել։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ հավելելով, որ
Արցախի անկախությունն ունի երկու շերտ՝ հոգևոր և նյութական։

«Նյութականն այն է, որ մենք հասանք անկախության ֆիզիկական նվիրումով, պատերազմով ու հաղթանակով, հոգևորն այն է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակն ու անկախությունը մի մեծ գանձ են, մեր սրտերը պետք է մշտապես այդ գանձի հետ լինեն, պահենք ու պահպանենք միասնականությամբ, ոչ թե եսակենտրոն լինել»,- նշեց նա

Նա ընդգծեց, որ չենք պահպանել այդ գանձը, դրա համար էլ այսօր չարը որոշել է, որ արցախահայության անկախություն պետք չէ ընդհանրապես։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ կարծում է՝ մենք կգիտակցենք ու նորովի արժեվորված ձևով կկարողանանք պահպանել ձեռք բերածը։

Հարցին՝ ինչպես ստացվեց, որ այսօր հայությանը հնարավոր եղավ պառակտել, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանեց, որ հայությունը մի մեծ գեղեցիկ զգեստ է, որն այսօր կարկատանների են վերածել։

«Այսօր մեզ կարկատանների վերածեցին՝ արցահայատություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն, սա բացառապես անընկալելի և անընդունելի է, չարի գործոններն են։ Եթե մենք Աստծով ենք հաղթանակ կերտել, ուրեմն Աստծով ու սիրով պետք է միավորվենք՝ ներելով մեկս մյուսին և համախմբվելով։

Այո, ժամանակը կարող է քիչ լինել, չկարողանանք այն ամենը, ինչ մտածել ենք գործի դնել, բայց եթե համախմբենք, Աստված թույլ կտա այդ ժամանակը գործի մեզ համար»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

  • Կիսվել: