ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի բնակեցման ծրագրերը Եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է. Սարո Սարյան

Հայկական բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի բնակեցման ծրագրերը Եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է. Սարո Սարյան

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ դիմել ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդներին, պահանջելով ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցման ի պատասխան ասել է «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի նախագահ Սարո Սարյանը մեկնաբանելով մի շարք կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով կոչ են անում 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրած Եռակողմ հայտարարության Կողմերին ապահովել բռնի տեղահանված քաղաքացիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

«Մեր հայտարարության մեջ հստակ ուղերձ կա ուղղված նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին՝ քանի որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս խախտել են եռակողմ համաձայնագրի դրույթները և ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի բնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը: Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից պարտադրեն Ադրբեջանին վերջ տա ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությանը»,- ասել է մեր զրուցակիցը:

Ս. Սարյանի խոսքով՝ կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում անհնարին է դառնում հայերի վերադարձն իրենց բնօրրան:

«Ըստ այդմ կազմակաերպությունները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին դիմելով ակնակալում են ոչ միայն տեղահանված հայ բնակչության վերադարձի կազմակերպում, այլև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրում»,- ասել է «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի նախագահը:

  • Կիսվել: