ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ. Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ. Միրզոյան

Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Մեկնաբանելով այս հարցը՝ ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար:

՛՛Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:

Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը՛՛,-հավելել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով:

Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

  • Կիսվել: