հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Սյունիքն ու Արցախը կապող կամուրջի հենասյունը

«Հայաստանի Հանրապետություն»․ Սյունիքն ու Արցախը կապող կամուրջի հենասյունը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Դալիդաղ և այլ լեռների աղբյուրներից: Գետն անցնում է խոր կիրճերով ու Հոչանց սարի արևելյան կողմում միանում Հակարիի արևելյան վտակ Շալուային, և միասին հոսում են ցած, խառնվում Աղավնոյին: Հոչանց գետով են ինչ-որ ժամանակ երիզվել Սյունիքի և Արցախի սահմանները: Նույն գետի վրա կառուցված կամուրջներով են մեր նախնիները կապ հաստատել միմյանց հետ: Գետի աջափնյա և ձախափնյա բարձրադիր սարալանջերում, ձորակներում դեռևս վաղնջական ժամանակներում գոյություն են ունեցել տասնյակ բնակավայրեր, մի քանի ամրոցներ, որտեղ մեր պապերն են բնակվել, ամրացել ու մարտնչել թշնամու դեմ: Այս բնակավայրերի մասին հիշատակում են Սյունիքի պատմիչը՝ Ստեփանոս Օրբելյանը, այլ մատենագիրներ, ճանապարհորդներ: Հոչանցի վերին հոսանքում՝ հիմնականում աջակողմյան ալպիական գոտում բազում են բնակատեղիները, դամբարանադաշտերը, պատմական փարախները, ամրոցները, որոնք հատկապես գոյություն են ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Միջնադարում այս տարածքում են եղել Սպիտակաջուր, Շրվական, Արվական, Սոնասար, Մշենի, Հոչանց, Կատոս և այլ բանավայրեր, որոնց մասին հիշատակում է Օրբելյանը՝ որպես Սյունիք աշխարհի Աղահեճք, հետագայում՝ Քաշաթաղ-Խոժոռաբերդ գավառների՝ Տաթևի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում: Նույն գյուղերն այսօր էլ կան ու վերստին հայացել են»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: