կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հավանաբար չեմ կարողանա պատկերացնել ձեր իրավիճակը, երանի ունենայի մի ուրախ լուր. ամերիկացի դիվանագետը՝ արցախցիներին

Հավանաբար չեմ կարողանա պատկերացնել ձեր իրավիճակը, երանի ունենայի մի ուրախ լուր. ամերիկացի դիվանագետը՝ արցախցիներին

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում հանդիպել են Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

Դրսում հավաքված արցախցիների հետ զրույցում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն ասաց. «Հավանաբար չեմ կարող պատկերացնել այն դժվարին իրավիճակը, որում դուք գտնվում եք։ Երանի ունենայի մի ուրախ լուր, որ կարողանայի ձեզ հետ կիսվել։ Սակայն, ցավոք սրտի, մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք։ Այս պահին ուզում եմ հարցնել՝ եթե ունեք որևէ հստակ ուղերձ, պատգամ, որ ուզում եք մենք տանենք մեր դեսպանություններ, մեր երկրի մայրաքաղաքներ, հղեք դրանք»։

Արցախցիների միակ ուղերձն է՝ բացել կյանքի ճանապարհը։ Նրանք նշեցին, որ դրանք ուղղակի բառեր չեն, այն իրոք, կյանքի ճանապարհ է։

«Այդ ճանապահով շատ հիվանդներ են անցնում, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք բժշկական հետազոտության, վիրահատության կարիք ունեն:Դրանցից մեկը ես եմ: Դեկտեմբերի 12-ին անցել ենք այստեղ, տարել եմ երկրորդ վիրահատությունս, երեխաներիս թողել եմ Արցախում: Փետրվարին հասել եմ Ստեփանակերտ, իսկ հունիսի սկզբին, որ պետք է գայի նորից հետազոտման, որ լինեմ բժշկի հետազոտման տակ, նորից փակեցին ճանապարհը եւ չթողեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին միջոցով հասնել բժշկի՝ Երեւան: Ուշացա, այստեղ հասա հուլիսի 8-ին, եւ նորից վիրահատվել եմ: Ես չպետք է վիրահատվեի, բայց ուշացման պատճառով վիրհատվեցի: Ստեփանակերտում թողել եմ երկու անչափահաս երեխա: Ամեն օր, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ մամա, երբ դու կգաս», գրում է news.am-ը:

  • Կիսվել: