ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հարկային պարտավորությունները կատարվել են Արցախում. «Ար․ Տոբակոն» հերքում է ՊԵԿ–ին

Հարկային պարտավորությունները կատարվել են Արցախում. «Ար․ Տոբակոն» հերքում է ՊԵԿ–ին

«Ար․ Տոբակո» ՓԲ ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի իրացմամբ զբաղվելու և հարկերից խուսափելու վերաբերյալ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Նման հայտարարություն է արել ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։

Կաչուբաևի խոսքով` նման հայտարարությունները նպատակ են հետապնդում արատավորել ընկերության հեղինակությունը և բարի համբավը։
Նշվում է, որ «Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն գրանցված է Արցախի Հանրապետությունում, սակայն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում։ Նման դեպքերում Հայաստանում և Արցախում հարկման վերաբերյալ հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրոյթներին համապատասխան, ըստ որի՝ եկամուտները հարկվում են հարկային գործակալի երկրում, այդ երկրի օրենսդրությանը համապատասխան։
Այնուամենայնիվ, «Ար․ Տոբակո» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` հուշագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի կողմից 14․12․2022թ–ին ընկերությունը ստացել է առաջարկ, որ ՀՀ-ում հարկման վերաբերյալ հարցերով դիմի իրեն սպասարկող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանում։
 
««Ար․ Տոբակո» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության միջև հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հուշագրի դրույթները, առաջացած հարկերի վճարումներն ամբողջությամբ կատարել է Արցախի Հանրապետությունում»,–նշել է ընկերության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու պայմաններում ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով «Ար․ Տոբակո» ՓԲ ընկերության ղեկավարի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
««Ար․ Տոբակո» ՓԲԸ–ի կողմից կատարվել են առաջացած հարկային պարտավորություններն ամբողջությամբ, ստացվում է, որ նշված իրավաբանական անձի ղեկավարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անօրինական քրեական հետապնդում»,–նշել է Կոչուբաևը։
Նա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին կոչ է անում զերծ մնալ անհիմն և հուզական տպավորություններ ստեղծոլուց։
Կոչուբաևը հիշեցնում է, որ նշված դեպքը նոր չէ, այն քննվում է դեռևս 2022 թվականի ապրիլից և վերաբերվում է մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
 
Ավելի վաղ` հունիսի 1–ին, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ կանխել է 1 մլն 114 հազար տուփ ծխախոտի ապօրինի իրացումը: Նշվում էր, որ խախտումը թույլ է տրվել «Ար. Տոբակո» ՓԲԸ-ն, որը առանց ակցիզային դրոշմանիշների է փորձել իրացնել ծխախոտները։ Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Նշված հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

  • Կիսվել: