շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը, ԵԽ՝ ՀՀ հարցերով մշտական զեկուցողն ու ԵԽ՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը, ԵԽ՝ ՀՀ հարցերով մշտական զեկուցողն ու ԵԽ՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելջանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
 
«Քիչ առաջ տիկին Մարինա Կալյուրանդն ինձ փոխանցեց հայտարարության տեքստը, որը ներկայացնում եմ ստորև.
 
«Մենք արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը 2020թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ։ Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության պարզ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր բնույթ կրող որոշման խախտման դրսևորում, որը պարտադրում է Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, բեռների և փոխադրամիջոցների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ 2 ուղղություններով։
 
Մենք վերահաստատում ենք, որ միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ պատճառելով հումանիտար զրկանքներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես մշուշելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողությունները լրացուցիչ սրում են իրավիճակը։ Կոչ ենք անում Բաքվին անմիջապես փոխել կուրսը և հանձն առնել՝ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով և հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը։
 
ԵՄ-ն շարունակում է պատրաստակամությամբ օժանդակել կողմերին, բանակցությունների միջոցով արձագանքել բոլոր դժվարություններին։
 
Ավելին՝ ցավալի է, որ նման գործողությունները տեղի են ունեցել 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին։ Մեր հարգանքի տուրքն ենք հայտնում մեկուկես միլիոն հայերին, ովքեր բնաջնջվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոնություն ցուցաբերել սադրիչ հռետորաբանության և գործողությունների բոլոր դրևորումների առնչությամբ, որոնք բորբոքում են ատելությունը, ինչպես նաև խոչընդոտում հաշտեցմանը»,-նշել է նա։
 

  • Կիսվել: