ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հարավ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրով. գյուղի բնակիչներն սկսել են ավելի ակտիվ զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ

Հարավ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրով. գյուղի բնակիչներն սկսել են ավելի ակտիվ զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ

Ասկերանի շրջանի Հարավ համայնքում շրջափակման հետևանքով փակվել է քարի արտադրամասը, որի աշխատակիցները զրկվել են եկամտի կարևոր աղբյուրից:

Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հարավի համայնքապետ Անդրանիկ Ղազարյանը՝ մանրամասնելով, որ արտադրամասի գործունեության դադարեցումը պայմանավորված է իրացման հնարավորության բացակայությամբ և հովհարային անջատումներով:

«Շրջափակման պատճառով նաև մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապի խնդիր էր առաջացել, քանի որ վառելիքի պակաս կար: Կառավարության աջակցությամբ այժմ մեքենա է տրամադրվել գյուղին, որը շաբաթվա 5 օրը կանոնավոր աշխատում է՝ իրականացնելով ուղևորափոխադրումներ դեպի Ստեփանակերտ։ Պետության աջակցությամբ ընթացքում է նաև համայնքի խմելու ջրի խնդրի լուծման աշխատանքները: Երկու-երեք օրից շուրջօրյա ջրամատակարարում կունենանք»,-ներկայացրել է Ա. Ղազարյանը։

Ըստ համայնքապետի՝ գյուղի բնակիչները շրջափակման ընթացքում սկսել են առավել ակտիվ զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ:

«Նախկինում, երբ աշխատում էր քարի արտադրամասը մեր բնակիչները զբաղվում մեծամասամբ իրենց անհրաժեշտ մթերքը գնում էին: Ներկայում, ելնելով շրջափակման նախորդ ամիսների փորձից, երբ խիստ պակասում էին պտուղ-բանջարեղենն ու այլ գյուղմթերքներ, գիտակցում են, որ ձմեռն իրենց օրինակ կարտոֆիլ է պետք լինելու, ուստի մեծամասշտաբ ցանքս են կատարել: Շրջափակման ընթացքում գյուղի երիտասարդներից մեկը, ով մինչև շրջափակում քարհանքում էր աշխատում, այժմ ֆերմերությամբ է զբաղվում: Նա դիմել է կառավարությանը, որպեսզի աջակցություն ցուցաբերվի անասնագլխաքանակն ավելացնելու համար: Մյուս բնակիչները ևս զբաղվում են անասնապահությամբ, հիմնականում իրենց ընտանիքների և գյուղի պահանջարկը համապատասխան մթերքով ապահովելու համար»,-մանրամասնել է Անդրանիկ Ղազարյանը՝ հավելելով, որ կարտոֆիլի սերմացուն տրամադրել է Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամը: Բացի այդ, սերմացուներ են տրամադրվել Կարմիր խաչի կողմից:

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ գյուղի տարածքը բարձրադիր է, մրգատեսակները համեմատաբար ուշ են հասունանում:

Այժմ միայն կեռասն է հասունացել, սակայն դեռ բերքահավաք չեն կատարել. պատրաստվում են ցորենի հնձին:

«Այս տարի ցորենի բերքն այն չէ: Բնական է, կյանքի փորձից գիտենք, որ պիտի երաշտ չլինի, որ բերք ունենանք։ Ցորենի պակասի դեպքում կբավարարվենք եղածով»,-նշել է համայնքապետը՝ ավելացնելով, որ առաջիկայում կիրականացնեն խոտհարքը, որից հետո նաև ցորենի հունձը:

  • Կիսվել: