ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանդիպեց Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Փոխադարձ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին:

«Հանուն հանրապետության» նախաձեռնությունը շնորհավորեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակման առթիվ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար։ «Սա Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության առաջին այցն է, և այդ այցը կատարում ենք Արցախ։ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը հայության հավաքական շահերի առանցքային բաղադրիչն է։ Միայն ինքնիշխան պետությունն ու պետականակենտրոն քաղաքականությունը կարող են երաշխավորել այդ շահերի իրացումը»,-իր բացման խոսքում նշեց ԱԺ պատգամավորը։

Բաբաջանյանն անթույլատրելի որակեց նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում դավադրական և հակապետական այն ուժերին, որոնք ստանձնելով 5-րդ շարասյան դերը, Արցախի հարցը դարձրել են շահարկումների առարկա։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր պատասխան խոսքում կարևորեց Հայաստանում գոյություն ունեցող և ձևավորվող ապագային միտված քաղաքական ուժերի գործունեությունը։ «Արցախի ապագան կախված է Հայաստանում հեղափոխության արժեքների ամրապնդումից, ինչը հայության անվտանգ ապագայի միակ երաշխիքն է։ Քաղաքական դաշտում առողջ ուժերի գոյությունը կապահովի ժողովրդավարական արժեքների հաստատումը և կամրապնդի հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում։ Արցախն իր աջակցությունն է հայտնում ՀՀ-ում ժողովրդավարական արժեքային համակարգի ձևավորման ճանապարհն ընտրած ուժերին»:

Հանդիպման փակ հատվածում, ի շարս այլ հարցերի նախարարի հետ քննարկվեցին Արցախի ներքաղաքական կյանքին ու կարգավորմանը վերաբերող հարցեր։

 

  • Կիսվել: