շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Համաժողովն արդարացված է, քանի որ ճիշտ գաղափարների հետևից է գնում․ Հրանուշ Հակոբյան

Համաժողովն արդարացված է, քանի որ ճիշտ գաղափարների հետևից է գնում․ Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով հայրենիք-սփյուռք գործակցությունում ամենակարևոր սկզբունքը սփյուռքի  և հայրենիքի փոխադարձ ճանաչումն ու  վստահություն է։ Ըստ նրա առանց վստահության որևէ քայլ հնարավոր չի անել, հետևաբար պետք է լինի՝ ճանաչել, վստահել և գործակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա կարծում է, որ  սփյուռքի հայապահպանության խնդրի լուծումը պետք է հիմնված լինի 4 կարևորագույն սկզբունքների վրա՝ լեզու, մշակույթ, հավատ և ընտանիք: «Եթե այս 4 սյուները  կարողանանք հայկական  պահել, ապա ինքնության պահպանության խնդրում ավելի առաջընթաց կգրանցենք: Ամենադժվար խնդիրն է, բայց կարող ենք և պետք է անենք»,-նշեց տիկին Հակոբյանը:

Նրան ոգևորել էին նախորդ օրվա արդյունքները, որով մասնակիցներն իրենց համաձայնությունն էին տվել ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ  շատ  ակտիվ գործունեությանը:

«Շատ ուրախալի է ինձ համար, որ ներկաները համարում են, որ Արցախի հենարանը տասը միլիոն հայերն են: Կարծում եմ՝ Արցախի ինքնորոշման խնդիրը պետք է բարձրացվի, Արցախի ճանաչման խնդիրը հատկապես սփյուռքի համար պետք է լինի կարևորագույն հարց և սփյուռքը պետք է իր լոբբիստական գործունեությամբ ճնշում գործադրի երկրների վրա և հասնի այն բանին, որ Արցախի ճանաչման հարցը կարողանանք միջազգայնորեն լուծել»-ասաց տիկին Հակոբյանը: Նրա խոսքով, այս համաժողովն արդարացված է, քանի որ ճիշտ գաղափարների հետևից է գնում, ակնհայտորեն հարցեր կան, որոնց շուրջ հայկական միտքը համախմբվում է:


  • Կիսվել: