Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը մեր վերահսկողության տակ է. Հովհաննիսյան
Վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն նորից սկսել է մարտական գործողությունները՝ 3-4 ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց. ՛՛Մարտակերտի ուղղությամբ ծանր հրետանային միջոցներ են կիրառվել, ռազմաօդային ուժերը թուրքական ուժերի աջակցությամբ, կիրառելով ԱԹՍ-ներ, 36 մարտական թռիչ ենք կատարել, հայկական կողմը մեկ սու-25 գրոհիչ է խոցել:
Օրվա ընթացքում հարավային ուղղությամբ ևս մարտերը շարունակվել են:
Հադրութի ուղղությամբ դիվերսիոն գործողությունները կասեցվել են, մեր ԶՈւ-ի լիարժեք վերահսկողության տակ է քաղաքը:
Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են, գիշերը որոշակիորեն թուլանում են, այդ ընթացքում զորքերի վերախմբավորումներ ու համալրումներ է անում հակառակորդը՛՛:
Խոսելով գերիների փոխանակման մասին՝ Հովհաննիսյանն աասաց. ՛՛Ադրբեջանը չի իրականացնում գերիների և դիակների դուրսբերում ու փոխանակում։ Գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային կառույցների երաշխավորությամբ, ինչը Ադրբեջանը չի ընդունում՛՛:
Նա նաև նշեց, որ Թալիշը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: ՛՛Հակառակորդը գյուղի մատույցներում է՛՛,-ասաց նա:
Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը մեր վերահսկողության տակ է՛՛:
Անդրադառնալով այն հարցին, թե շրջանառվում են լուրեր, իբրև մեր զոհերի թիվը 2000-3000 է՝ Հովհաննիսյանը խնդրեց ապատեղեկատվություն չտարածել:
Նա խոսեց նաև հակառակորդի կորուստներից և ասաց, որ մոտ 200 ադրբեջանցի է սպանվել անցնող ժամերի ընթացքում:
՛՛Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել՛՛,-նշեց ՊՆ ներկայացուցիչը: