հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշում կկայացնի լավագույն դեպքում առաջիկա շաբաթներին

Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշում կկայացնի լավագույն դեպքում առաջիկա շաբաթներին

Հաագայի դատարանը, որ երեկ լսեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, առաջիկա ամիսներին, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում որոշում կկայացնի։ Հայկական կողմը, հարցի հրատապությունը հաշվի առնելով, խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին, գրում է «Ազատությունը»։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն մեկուկես ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

Ադրբեջան, ի պատասխան, երեկ հակադարձեց, թե Հայաստանի մեղադրանքները անհիմն են։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովի խոսքով՝ Հայասանը Լաչինի միջանցքի փակ լինելն օգտագործում է որպես քաղաքական լծակ։

«Ադրբեջանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև վերահաստատել է, որ չի պարտադրել որևէ սահմանափակում Լաչինի երկայնքով երթևեկելուն և ոչ էլ կարող էր անել, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերասկողության տակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնում են, որ որևէ նպատակ չունեն և չեն ունեցել ճանապարհ փակելու։ Իրականում ամեն օր տասնյակ մեքենաներ և բեռնատարներ անցնում են ակցիայի վայրի կողքով։ Մինչ ես այստեղ խոսում եմ, 19 հոգի Կարմի խաչի ուղեկցությամբ անցել է միջանցքով», - ասել է Մամեդովը։

Մինչդեռ հայկական կողմը հենց դա էլ ընգծում է՝ մեքենաները միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ են անցնում, Արցախի բնակիչների համար կյանքի ճանապարհը փակ է։

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից անհապաղ միջոցներ էր ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։

«Նախագահ Ալիևը բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին իրենց հողերից վտարելն է: Նա ասել է, որ հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և, որ այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այդ հողում», - ասաց Կիրակոսյանը։

Պաշտոնական Բաքուն, սակայն, շարունակում էր հակադարձել, որ որևէ համոզիչ մեկնաբանություն չի կարող հանգեցնել նրան, որ Ադրբեջանը միտումնավոր փորձում է վնասել էթնիկ հայերին, որոնք ապրում են «իր ձևակերպմամբ «Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտում»։ Ավելին՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը Հայաստանին մեղադրեց բանակցային ձևաչափով խնդիրը քննարկելու հրավերից հրաժարվելու մեջ։

«Երբ դեկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայում պետք է հանդիպեին բանակցությունների ևս մի շրջափուլի համար, այդ թվում՝ Լաչինի հարցի շուրջ, Հայաստանն, առանց բացատրության, վերջին պահին հրաժարվեց հանդիպումից։ Այդ օրից ի վեր Հայաստանը մերժել է բոլոր հրավերները՝ հարցը հանգուցալուծելու համար», - հայտարարեց Մամադովը։

Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կքննվի Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը»։ Հայկական կողմը ևս երկու ժամ կունենա հակափաստարկներ ներկայացնելու համար։

  • Կիսվել: