շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում Վարդատոն է կազմակերպվել

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում Վարդատոն է կազմակերպվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում  Վարդատոն է կազմակերպվել`  նվիրված հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները ծաղկեպսակներ են խոնարհել Գրիգոր Նարեկացու, բուհի հիմնադիր֊ռեկտոր Վարդան Հակոբյանի, նահատակված  ուսանողների հուշակոթողներին: Այնուհետև օրհնանքի խոսք է ասել ՀԱԵ Արցախի թեմի հոգևոր հովիվ, քահանա Տեր Ներսես Ասրյանը:

Բացման խոսքում բուհի ռեկտոր Սևակ Հակոբյանը նշել է, որ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները մեր ազգային բացառիկ արժեքներն են:

«Այսօր մենք ապրում ենք շատ ծանր ժամանակներ, բայց պետք է հասկանանք, որ մեր ազգային արժեքների, հավատքի ու դավանանքի  քարոզմամբ միայն կարող ենք առաջ շարժվել և հասնել մեր նպատակներին։ Այս տարվա Վարդատոնը նվիրվում է հորս` Արցախի գրողների միության նախկին նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի հիմնադիր Վարդան Հակոբյանի ծննդյան 75֊ամյակին»,-հավելել է Ս. Հակոբյանը:

Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանի խոսքով՝ համալսարանում Վարդատոնի միջոցառումներ սկսել են կազմակերպել 2015 թվականից:

«2015 թվականին, երբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց Տիեզերական Վարդապետի տիտղոս, սկսեցինք մեծ ոգևորությամբ նշել այս տոնը, որը բազմախորհուրդ է: Նպատակը ոչ միայն Նարեկացու  թողած հարուստ գրական  ժառանգության վերարժևորումն է, այլև դրանով մենք ուզում ենք մեր հասարակության շրջանում պահպանել ու տարածել մեր ազգային ու հոգևոր արժեքները: Եվ մեր համալսարանը՝ որպես կրթագիտական հաստատություն, իր առաքելության մեջ  ամրագրել է պատրաստել ոչ միայն աշխատաշուկայում մրցունակ,  այլև ազգային արժեհամակարգ կրող մասնագետներ»,-նշել է Ա. Գրիգորյանը:

Միջոցառմանը Գրիգոր Նարեկացի համալսարանի  ուսանողները ներկայացել են գրական  ու երաժշտական կատարումներով:

  • Կիսվել: