շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գրանցվել է 820 ահազանգ. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 820 ահազանգ. Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 820 զանգ: Կանչերից 13-ը տեխնածին, 31-ը՝ կենցաղային բնույթի են:

Տարվա այս սեզոնին հանրապետության տարածքում ակտիվանում են օձերը: Թունավոր սողունների հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Ասկերանի շրջանում, մեկը` Մարտակերտում: Բարեբախտաբար, խայթոցի դեպքեր չեն արձանագրվել: ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը կամ տնամերձ այգիներում, հասարակական վայրերում օձ նկատելու դեպքում՝ անմիջապես զանգահարել ծառայության թեժ գիծ 911 կարճ հեռախոսահամարին:

Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 6 կանչ, որից 3-ը բռնկվել է Էլեկտրահաշվիչներում: Մեկական դեպքեր են գրանցվել բնակելի շինությունում, գազի բալոնից գազի արտահոսքի հետևանքով և աղբանոցում՝ բնակչության անուշադրության պատճառով: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևների, կարկուտի և քամու ուժգնացման հետևանքով, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը՝ մոտոպոմպով իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ:

Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 9 վերելակի բացում:

Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 263 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ:

 

Բնածին, տեխնածին և մարդածին պատահարների հետևանքների մեղմացման և համապատասխան կանխարգելիչ գործողուններ իրականացնելու նպատակով ԱԻ պետական ծառայությունում ամենօրյա ռեժիմով տարվում են համապատասխան ուսումնական ու գործնական պարապմունքներ:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11:

  • Կիսվել: