ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գործարկվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի նոր պաշտոնական կայքը

Գործարկվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի նոր՝ արդիական ու մատչելի պաշտոնական կայքը:

 Վերջնականապես գործարկվել է Արցախի  Հանրապետության  Մարդու իրավունքների պաշտպանի նոր` www.artsakhombuds.am պաշտոնական կայքը, որը պատրաստվել է Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ՝ «Կոդիկս» ընկերության կողմից:

Կայքը ստեղծվել է առավելագույնս հաշվի առնելով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև կայքերի հարմարավետության ու մատչելիության հանրահայտ չափորոշիչները: Բովանդակությունը հասանելի է դեռևս հայերենով ու անգլերենով, առաջիկայում կավելացվի նաև ռուսերեն տարբերակը:

Բացի Պաշտպանի գործունեության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական ու օրենսդրական բնույթի նյութերի հրապարակումից, Հանրապետությունում առաջին անգամ կայքում ներդրվել են որոշ առանձնահատուկ լուծումներ, որոնցից են, մասնավորապես՝

1.    Ի լրումն Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու լայն հնարավորությունների, նաև ստեղծվել են հարմար մեխանիզմներ Պաշտպանին առցանց դիմելու և դիմումի ուսումնասիրության ու քննարկման ընթացքին հետևելու համար: Այդ երկու էջերն էլ կապված են Պաշտպանի աշխատակազմում գործող «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի հետ՝ ինքնաշխատ կերպով արձանագրելով դիմումները և տեղեկություններ տալով քաղաքացիներին իրենց դիմումների ընթացիկ կարգավիճակի մասին: Ավելին, «Մալբրի» համակարգի պատմության մեջ առաջինը Պաշտպանի աշխատակազմում է ներդրվել դիմումատուների բջջային հեռախոսներին SMS-ծանուցումներ ուղարկելու մեխանիզմը, որի միջոցով նրանք տեղեկացվում են իրենց դիմումի մուտքագրման մասին և ստանում հաշվառման հատուկ համար՝ կայքի միջոցով դիմումի ընթացքին հետևելու նպատակով:

2.            Հայկական համացանցային տիրույթում բացառիկ լուծումներ են տրվել կայքի մատչելիությանը՝ այն համապատասխանեցնելով «Համացանցի բովանդակության մատչելիության ուղեցույցների» կողմից հրապարակված մատչելիության միջազգային չափորոշիչներին: Կայքում պատրաստվել է մատչելիությանը վերաբերող առանձին ուղեցույց, որտեղ ներկայացվում են մատչելիության հիմնական լուծումները, կանոններն ու կոճակները, ներառյալ՝ դյուրանցման ու նավարկման ստեղները, ընթերցող ռեժիմի, գունային հակադրության ռեժիմի և տառաչափերի փոփոխության կոճակները:

-       Անգլերեն տեքստը՝ բնական հնչեղությամբ ձայնի միջոցով ընթերցելու ռեժիմը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցելուի խոսող ծրագրի միջոցով ընթերցել կայքի անգլերեն բովանդակությունը: Հայերեն համապատասխան ծրագրի բացակայության պատճառով հայերեն բովանդակությունն ընթերցելու հնարավորություն դեռևս չկա:

-       Գունային բարձր հակադրության ռեժիմը հնարավորություն է ընձեռում հատկապես տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին ավելի մատչելի ու հարմար կերպով օգտվել կայքից:

-       Տառաչափի փոփոխության կոճակը ևս միտված է առավել մատչելի դարձնել տեսողության խնդիրներ ունեցող անձանց աշխատանքը կայքում:

-       Գործում են նաև դյուրանցման ստեղներ հիմնական էջերից ու գործառույթներից օգտվելու համար, որոնք կարող են հեշտացնել յուրաքանչյուր այցելուի նավարկումը կայքում:

-       Կայքի բոլոր գործառույթները լիովին հասանելի ու մատչելի են նաև բջջային հեռախոսների համար:

3.            Հարցուպատասխան ձևաչափով ստեղծվել է երկու էջ՝ մանրամասն կերպով ներկայացնելու Պաշտպանի լիազորություններն ու գործունեության կարգը, ինչպես նաև մարդու տարբեր իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործնական մեխանիզմներն ու ընթացակարգերը: Կարևորելով հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմների ու բովանդակության ապահովումը՝ Պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն թարմացնելու է հատկապես երկրորդ էջը մարդու իրավունքներին առնչվող օգտակար ու կիրառական պարզաբանումներով, խորհուրդներով և ուղեցույցներով, որոնք հնարավոր կլինի գտնել թե՛ տրամաբանական կառուցվածքի, թե՛ որոնման ճկուն գործիքի միջոցով:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում գործում են մի շարք այլ գործառույթներ և էջեր ևս՝ միտված Պաշտպանի գործունեության թափանցիկությունը և կայքի այցելուների հետ հետադարձ կապի հարմարավետությունն արդյունավետորեն ապահովելուն:

  • Կիսվել: