Գլուխ ենք խոնարհում իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել երկրի Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․
«29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին,հռչակվեց Արցախի Հանրապետությունը, որը արցախահայության ազատատենչ ոգու, իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և արարելու աննկուն կամքի, ինչպես նաև համայն հայության միասնականության ու հավաքական ուժի դրսևորումն էր։
Արցախի Հանրապետությունն այժմ հանդես է գալիս որպես հզոր, կենսունակ և պաշտպանունակ պետություն, այն յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, միասնական հայրենիքի մասն է, որը պատրաստ է հնարավորինս աջակցելու դժվար իրավիճակում հայտնված իր հայրենակիցներին։
Գլուխ ենք խոնարհում Արցախի Հանրապետության կերտման համար իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ վերահաստատելով մեր վճռականությունը՝ հզորացնելու մեր պետականությունը և ավելի անվտանգ ու բարեկեցիկ պայմաններ ապահովելու հետագա սերունդների համար»։