կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականների, հետազոտողների, տեսաբանների և գործարարների ամբողջ աշխարհից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին և ամենամյա բնույթ է կրելու: Նախորդ տարում միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ:

Միջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես  գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:

Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը, որը հանդես է գալու բանախոսությամբ:

Ընթացիկ տարվա ամենամասշտաբային այս իրադարձության մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել անցնելով հետևյալ հղումով, ինչպես նաև Երևանի տոմսարկղերում:

Համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման ծրագրերին:

  • Կիսվել: