հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևան քաղաքի Ս.Զաքարյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթաղչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Բացելով հանդիպումը` Ջանիկ Բազեյանը Սևան համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան` առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։

Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։
Սևան համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտարամդրվի 3 միլիոն դրամ։

Ցանկության դեպքում Սևանում վերաբնակված Արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են երկրորդ և երրորդ գոտիներում։

Երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 4, երրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 5 միլիոն դրամ։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։

 

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։

Ծրագրի շուրջ պարզաբանումներ տվեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

 

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։

  • Կիսվել: