երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազամատակարարման դիտավորյալ խափանմանը զուգահեռ ադրբեջանական կողմը ահաբեկչական արշավներ է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ․ ԱՀ ՄԻՊ զեկույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Գազամատակարարման դիտավորյալ խափանմանը զուգահեռ ադրբեջանական կողմը ահաբեկչական արշավներ է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ․ ԱՀ ՄԻՊ զեկույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձություններին։

Առաջին բաժնում ներկայացվել են փաստեր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի Հանրապետության սահմանային դարձած բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ 2022թ. մարտի 7-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմն Արցախի տարբեր հատվածներում կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արցախյան կողմի ուղղությամբ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ։ Երկրորդ բաժնում ներկայացվել են Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանման հումանիտար հետևանքները։

Հանրապետության դպրոցների 65 %-ը ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որում կրթություն է ստանում աշակերտների ընդհանուր թվի 60%-ը։ Պատշաճ ջեռուցում ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ դադարեցվել են դասերը բոլոր հանրակրթական դպրոցներում։ Մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը կազմում է 22%: 12 մանկապարտեզներ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, իսկ մի մասը աշխատում է կես օրով։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արվեստի դպրոցների, բժշկական և երաժշտական քոլեջների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների 90%-ը ևս ջեռուցվում են գազի օգտագործմամբ, որոնք ևս ամբողջովին դադարեցրել են իրենց գործունեությունը։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը ջեռուցվում են գազի կիրառմամբ, որոնցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում մանկական հիվանդանոցում 46 երեխա, իսկ ծննդատանը 51 նորածին և մայրերը։

Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկատերեր ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանման հետևանքով։ Հատկապես մեծապես տուժել են գազալցակայանները, իսկ նրանց աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տուժել են նաև գազամատակարարման օգտագործմամբ աշխատող ջերմոցներն ու ջերմատները։ Երրորդ բաժնում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող հոգեբանական ահաբեկչության դրսևորումներն ու տեղեկատվական հարձակումները, որոնք միտված են ուժի կիրառման սպառնալիքի ներքո վախի և հուսալքության մթնոլորտ ձևավորելու խաղաղ բնակչության շրջանում և հարկադրելու մարդկանց լքելու իրենց բնակավայրերը։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։

Զեկույցում, մասնավորապես, ասվում է․

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի և միջազգային վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմական գործողություններ է իրականացրել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ, որի ընթացքում ադրբեջանական կողմն իրագործել է բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Բոլոր հանցագործությունները հստակ փաստագրվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված զեկույցներում, որոնք ներկայացվել են միջազգային կազմակերպություններին, առանձին պետությունների որոշում կայացնողներին։ Այդ զեկույցները հրապարակված են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, որով դադարեցվել են լայնածավալ ռազմական գործողությունները Արցախում և խաղաղության պահպանման նպատակով տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր։

Հրադադարի հաստատմանը հաջորդած գրեթե մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով ոտնձգություններ է իրականացրել Արցախի ժողովրդի իրավունքների՝ այդ թվում կյանքի և առողջության պահպանման իրավունքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ։ Այդ գործողությունները առավել ագրեսիվ բնույթ են ստացել 2022 թվականի փետրվար- մարտ ամիսներին, որոնց վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում։

2022 թվականի մարտի 8-ի՝ ժամը 01:00-ից ամբողջությամբ խափանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը, որի հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը զրկվել է գազամատակարարումից։ Տարբեր աղբյուրներից ձեռք բերված փաստերը վկայում են, որ գազատարը դիտավորյալ պայթեցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Արցախում գազամատակարարման խափանման և դրա հետևանքով հումանիտար դժվարագույն իրավիճակ ստեղծելու ադրբեջանական ուղիղ դիտավորության մասին է խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական կողմը մեկ շաբաթից ավելի է, չի թույլատրում տեղական գազամատակարարող կազմակերպության մասնագետների հասանելիությունը գազատարի վնասված հատված՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Զեկույցի պատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանական կողմն սկսել է գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։ Գազամատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների ընդհանուր նկարագիրը ներկայացված է սույն զեկույցի 2-րդ բաժնում։

Տարբեր համայնքների ուղղությամբ հանցավոր գործողություններին և գազամատակարարման դիտավորյալ խափանմանը զուգահեռ ադրբեջանական կողմը հոգեբանական և քարոզչական բնույթի ահաբեկչական արշավներ է իրականացնում Արցախի ժողովրդի նկատմամբ՝ հետապնդելով քաղաքացիական բնակչությանը իրենց տները լքելուն հարկադրելու նպատակ։ Նման դեպքերի վերաբերյալ փաստերն ու դրանց վերլուծությունները ներկայացված են սույն զեկույցի 3-րդ բաժնում։

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, կրթական ու առողջապահական հիմնարկներ, քաղաքացիների բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: