երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայի մի շարք շրջաններ միացել են ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությանը

Ֆրանսիայի մի շարք շրջաններ միացել են ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու՝ ՀՀ կառավարության նախաձեռնությանը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ընդգծում է՝ բարեկամ Ֆրանսիայի այս քայլը վկայում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ճգնաժամը մեղմելու նախաձեռնությունը ստանում է նաև միջազգային հնչեղություն։

«Կարծում եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն աստիճան օրհասական է, և հումանիտար աջակցության կարիքն այնքան մեծ է, որ դա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար։ Միջազգային գործընկերների գործուն քայլերն, անշուշտ, կարող են նպաստել, որպեսզի ի վերջո Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի, և հնարավոր լինի հումանիտար բեռը հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշեց ասաց Վարդան Սարգսյանը։

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն, Ռոն Ալպեր, Օ դը Ֆրանս, Պրովանս-Ալպեր Լազուր ափ, Նոր Ակվիտանիա, Լուարի երկիր, Գրանդ էստ ռեգիոնները։  «20 տոննայից ավել հումանիտար բեռ է, որը պարունակում է մակարոնեղեն»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն օգնությունը տեղ չի հասել, քանի որ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, ինչպես նաև ավելի ուշ դրանց միացած «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ սպասում են Կոռնիձորի սահմանային հատվածում։

  • Կիսվել: