երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եվրապատգամավորները կոչ են անում հարձակման չդադարեցման դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրապատգամավորները կոչ են անում հարձակման չդադարեցման դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավորներ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը, Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանի կողմից հարձակումն անհապաղ չդադարեցնելու դեպքում նրանք ԵՄ Խորհրդին կոչ են արել հիմնովին վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

«Նախապես ծրագրված այս հարձակումը բացարձակապես անընդունելի է: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ տարբերակն է: ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին»,- նշված է հայտարարությունում։

Եվրապատգամավորները նշել են, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: Նրանք Ադրբեջանի նախագահին հորդորել են հաշվի առնել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ ամենաբարձր մակարդակով վերսկսելու բանակցությունները։

«Հիշեցնում ենք՝ հարձակումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ֆոնին: Հումանիտար նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր կատարման ենթակա որոշումները, արգելափակել է Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիությունը պետք է ամբողջությամբ և մշտապես վերականգնվի։

Մեզ անհանգստացնում է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի գործողությունները խաղաղ բնակչության վրա, կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ ռազմական էսկալացիան որպես պատրվակ օգտագործելուց և տեղի բնակչությանն այդպիսով չստիպել արտագաղթել»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: