երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե Շուշիի հատվածում ճանապարհը նույնիսկ բացվի, ապա չի նշանակում, թե Արցախի շրջափակումը վերացվել է. Արտակ Բեգլարյան

Եթե Շուշիի հատվածում ճանապարհը նույնիսկ բացվի, ապա չի նշանակում, թե Արցախի շրջափակումը վերացվել է. Արտակ Բեգլարյան

Այս պահի դրությամբ Շուշիի հատվածում ճանապարհը շարունակում է փակ մնալ և իրավիճակի որևէ փոփոխություն չկա:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր ասաց Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ պետք է նաև հաշվի առնել, եթե նույնիսկ այդ հատվածը բացվի, ապա չի նշանակում, թե Արցախի շրջափակումը վերացվել է, որովհետև Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ կան ադրբեջանական սահմանապահներ և անցակետ է տեղադրվել:

«Նշանակում է, որ եթե մինչև ապրիլի 23-ը շրջափակումն իրականում կար, բայց ադրբեջանական կողմը ձևացնում էր, թե իբր պետությունը դրա հետ կապ չունի, սակայն իրենց կառավարության գործակալների, նույնիսկ կարող եմ ասել` էկոահաբեկիչների ձեռքով էին անում, հիմա դա վերացնելով, արդեն պաշտոնապես են շրջափակում՝ ապրիլի 23-ից ի վեր: Միակ դրական կողմը ճանապարհի այս հատվածը բացելու, եթե իհարկե իրականում դա տեղի ունենա, այն կլինի, որ Շուշիի շրջանի չորս գյուղերը` Լիսագոր, Եղցահող, Մեծ շեն և Հին շեն, ուղղակի կապ կունենան Ստեփանակերտի և Արցախի մնացած բնակավայրերի հետ: Դրանից ավելին, այդ թվում` քաղաքացիների, մեքենաների բեռների երթևեկության, տեղափոխության ռեժիմի որևէ փոփոխություն իրատեսական չէ, հատկապես, որ շրջափակումն ավելի վատ պայմաններում է շարունակվում: Այս պահին որևէ միտում չկա, որ անցակետը վերացվելու է»,- նշել է Ա. Բեգլարյանը՝ ընդգծելով նաև, որ ադրբեջանական պաշտոնական որևէ աղբյուրից տեղեկություն չի եղել թե «Էկոակտիվիստները» դադարեցրել են ճանապարհի արգելափակումը:

Նրա խոսքով՝ այդ մասին միայն որոշ լրատվամիջոցներ կամ թելեգրամյան ալիքներ են գրել, ընդ որում նշելով, որ դա ուղղակի մտադրություն է:

  • Կիսվել: