հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ՌԴ-ն չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ ԱԽ․ Փաշինյան

Եթե ՌԴ-ն չի կարող դերակատարումն իրականացնել, պետք է դիմի ՄԱԿ ԱԽ․ Փաշինյան

«ՊԲ-ն ԼՂ ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը».։ Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է ՌԴ դաշնային խորհրդի՝ ԼՂ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին 2020թ. նոյեմբերի 18-ին ընդունած որոշումը․ «Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Վլադիմիր Պուտինը ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշեցրել՝ «հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վտանգից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»։ ՌԴ դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ի որոշման մեջ»։

Փաշինյանը հիշեցրեց, որ շարունակվում են աշխատաները դեպի Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

«Միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք անհրաժեշտություն է դառնում ցույց տալու, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի և ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չեն իրականացվում։ Պրահյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր որ ունի։ Ես առաջարկեցի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ, նա հրաժարվեց։ ԼՂ-ում կա ՊԲ բանակ ու այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը արդարացված է։ Բայց ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման մեխանիզմ է նաև ՌԴ զորախումբը: ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունն ու ստանձնլ է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։

Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ զորախմբի գործունեության վերաբերյալ։

«Պարզապես Խծաբերդի ու Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու փորձերն անհանգստացնում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահներին, որոնց գործողությունների շնորհիվ Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամը չվերածվեց հումանիտար աղետի։

  • Կիսվել: