երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եթե իրավական գործընթացների արդյունքում փարատվեն հասարակության կասկածները, Արցախում մթնոլորտը կփոխվի․ պատգամավորը նախագահ Հարությունյանի իրավապահներին իջեցված հանձնարարականի մասին

Եթե իրավական գործընթացների արդյունքում փարատվեն հասարակության կասկածները, Արցախում մթնոլորտը կփոխվի․ պատգամավորը նախագահ Հարությունյանի իրավապահներին իջեցված հանձնարարականի մասին

Վերջին օրերին Արցախի ուժային կառույցները ակտիվորեն լծվել են նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարականը կատարելու գործին՝ կապված հետպատերազմյան շրջանում որոշ տնտեսվարողների կողմից ֆինանսական չարաշահումներ կատարելու հետ։ Այս գործողությունները ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, InfoPort.am-ի հետ զրույցում բացատրեց հասարակության մեջ առկա տրամադրություններով, իշխանությունների նկատմամբ անվստահության աստիճանի բարձրացումով, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով՝ այն էլ Արցախի համար այս դժվարագույն ժամանակաընթացքում։

Նա նաև նկատեց, որ այս գործողությունները նույնիսկ փոքր ինչ ուշացած են։ «Իմ կարծիքով իրավապահները շահագրգռված պիտի լինեն բացահայտելու և իրավական գնահատականի արժանացնելու երկրում առկա յուրաքանչյուր իրավախախտում և կարիք չկար սպասելու նախագահի հատուկ հանձնարարականին այս ուղղությամբ։ Եթե հասարակության շրջանում ձևավորվել է անվստահության մթնոլորտ, ապա դա ուղիղ ցուցիչ է ավելի կոնկրետ և էֆֆեկտիվ միջոցներ ձեռնարկելու համար։ Պետք է մունդիրի պատիվը բարձր պահել և հասարակությանը ապացուցել, որ իրավապահը իր որակները ունի և իվիճակի է իր վրա դրված գործառույթները լիարժեքորեն կատարել»,- շեշտեց պատգամավորը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կենցաղային մակարդակում հնչեցվող իբր թե իրավախախտ անձանց անունները դեռ ապացույց չեն այն բանի, որ այդ մարդիկ իրականում հանցանք կամ զանցանք են գործել, այդ ամենը պետք է ապացուցվի կամ հերքվի համապատասխան իրավական փաստերով։ «Իսկ այս ամենի արդյունքում, եթե իրավիճակում պարզություն մտցվի, ենթադրում եմ, որ ժողովրդի մոտ որոշակի տրամադրություններ կփոխվեն, քանի որ այժմ Արցախին ոչ թե պոպուլիզմով շաղախված կոչեր ու կենացներ են պետք, այլ իրական սոցիալական արդարություն, համերաշխություն և հանուն մեծ նպատակի միասնականության օրակարգ»,- եզրափակեց պատգամավորը։

Նշենք, որ օրերս նախագահ Հարությունյանը ուժային կառույցներին հատուկ հանձնարարական էր իջեցրել, վեր հանել և խստագույնս պատժել այն տնտեսավարողներին, որոնք հետպատերազմյան շրջանում անհարկի օգտվել են պետության կողմից տրվող փոխհատուցումներից, յուրացրել կամ փոշիացրել դրանք։ Նախագահը հանձնարարել է վերականգնել պետությանը հասված վնասները։

Խոսքը մասնավորապես ՀԷԿ-աշինության ոլորտում գործող տնտեսվարողների մասին է, և այն անձանց, որոնք անհարկի օգտվել են Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից։

InfoPort.am-ի արցախյան աղբյուրները երեկ փոխանցեցին, որ իրավապահները արդեն իսկ անցել են լայնածավալ գործողությունների, ինչի արդյունքում չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ։

  • Կիսվել: