երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

Եթե հավատարիմ մնանք Աստծո կարևոր ուխտին՝ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ նաև օրհնության կարգ է կատարվել ու ներկայացվել Սուրբ Հարության տոնի խորհուրդը:

«Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափն այլևս պարտված է Քրիստոսին հավատացողների համար: Նրա հարությունը մեր հավատքի սիրտն է, իսկ քրիստոնեությունը՝ կյանքի կրոնը, որովհետև Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի: Հարությունը վավերացրեց Քրիստոսի խոսքի և գործերի ճշմարիտ լինելը: Քրիստոսի հարությունը մեր ապագա հարության երաշխիքն է: Մեր քրիստոնեական կեցվացքից, Քրիստոսով իրար որպես քույրեր և եղբայրներ ընկալելուց է կախված մեր ապագան: Այսօր մեզ են նայում բազում աչքեր, քննության են առնում մեր միասնականությունը և հետևություններ են անում, թե արդյոք այս ժողովուրդը ի զորու է միաբան պայքարել, արդյոք դիմադրելու կամք, ցանկություն ու խոհեմություն ունի, թե՝ ոչ»,-ասել է Սրբազանը՝ հավելելով, որ Քրիստոսն իր օրինակով սովորեցնում է, որ մարդու երջանիկ լինելու գաղտնիքն ամբողջ էությամբ Աստծո կամքը կատարելու մեջ է:

Տիրոջ փրկագործության ամբողջ նպատակը այն է, որ մարդը սկսի սիրել և վստահել Աստծուն Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ որպես ազգ, հայ ժողովրդի համար գոյություն ունի երեք կարևոր ուխտ՝ ընտանիք, պետություն և եկեղեցի:

«Ահա այս երեք հարթության վրա Աստված ուխտ է կնքել մեր ազգի հետ: Եթե մենք հավատարիմ մնանք այս երեք կարևոր սրբություններին, ապա մեր ընթացքը կլինի դեպի հավիտենություն գնացող, իսկ մեր տառապանքները կպսակվեն հարության հաղթանակով»,-համոզմունք է հայտնել Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Հավարտ Պատարագի, որպես կյանքի ու հարության նշան, օրհնվել են ներկված հավկիթներ, որոնք հավատավորներն իրենց հետ տուն են տարել։

  • Կիսվել: