շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին։

Այս տեսակետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել Արցախը պահպանելու ուղղությամբ:

 
 «Ես ու իմ ընկերները, կուսակիցները, Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները շարունակելու ենք մեր այդ առաքելությունը՝ պահպանել Արցախը։ Հիմա մենք մեր պատմության ամենաբարդ փուլում ենք գտնվում, և 2023 թվականը շատ կարևոր ժամանակահատված է լինելու մեզ համար: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս պետք է այս կարևորությունը դիտարկենք։ Ես շարունակելու եմ մեր ժողովրդին և պետականությանը ծառայել ինչով որ կկարողանամ, ես ունեմ մի շարք ծրագրեր և  կփորձեմ ավելի հաճախ նման հանդիպումների միջոցով շփվել  և դրանց մասին տեղեկացնել հանրությանը։ Բայց այն, որ անմնացորդ կապված եմ պետությանն ու ժողովրդին դա միանշանակ է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ դիրքից։ Ըստ իս՝ դիրքը մեկը պետք է լինի՝ ազգի ճակատագրի խրամատը»,- ասաց Բաբայանը։
 
Նա ընդգծեց, որ հիմա չափազանց կարևոր է  լինել միասնական: «Մենք պետք է նաև անձնական օրինակով ցույց տանք՝ ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ մեր անձնական օրինակով ու քայլերով՝ պարզապես պարկեշտ ծառայելով սեփական ժողովրդին»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այս երկու տարիների ընթացքում Արցախի ԱԳ նախարարությունը ահռելի աշխատանքներ է իրականցրել արտերկրում և սփյուռքում՝ մի շարք կարևորագույն հաջողություններ գրանցելով միջազգային տարբեր ատյաններում: Արցախի վարկանիշը Սփյուռքում վերջին տարիներին չափազանց բարձր է, և սա նաև արտաքին գործերի նախարարության և  ներկայացուցիչների աշխատանքի արդյունքն է:
 
«Համոզված եմ, որ մենք դեռևս ունենք անցնելու երկար ճանապարհ, այո, ծանր է լինելու, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն կա։ Եվ ամեն մի ժողովրդի չէ, որ Աստված տալիս է այդ հնարավորությունը՝ ինքնամաքրվելու, իսկ մենք պետք է ինքնամաքրվենք. սա է ամենակարևոր բանալին դեպի հուսալի ապագա։ Արտաքին թշնամիներ միշտ կան և նրանք չեն էլ թաքցնում իրենց նպատակները, և եթե ինքնամաքրվենք, կարողանալու ենք ամեն ինչին դիմանալ: Մենք ժամանակ չունենք և պետք է անենք ամեն ինչ պետության և ժողովրդի փրկության համար։ Շատ  կարևոր է, որ այս պահին պետական համակարգը նույնպես աշխատի և չխարխլվի»,- ասաց Դավիթ Բաբայանը։
 
Նա նաև շնորհավորեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանին՝ մաղթելով հաջողություններ բոլոր այն ծրագրերում, որոնք կիսատ են մնացել, և որոնք  նա նախատեսել է ապագայում իրականացնել։

  • Կիսվել: