շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի չորրորդ նախագահն իր առաջին երդումը տվեց Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի մոտ

Արցախի չորրորդ նախագահն իր առաջին երդումը տվեց Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի մոտ

Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընտանիքի, իր գլխավորած քաղաքական թիմի մի խումբ անդամների եւ Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանայի հետ ուխտի է գնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Եղիշեի վանք, որտեղ գտնվում է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի գերեզմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր, քանի որ իրենում յուրահատուկ խորհուրդ է բովանդակում: Վաչագան Բարեպաշտի գործունեության հանդեպ միշտ հատուկ ակնածանք եմ տածել, որովհետեւ նրան համարում եմ մեր երկրի երբեւէ ունեցած ամենաիմաստուն առաջնորդներից մեկը, որից պետք է դասեր քաղել»:

ԱՀ ընտրված նախագահը գրել է, որ Վաչագան Բարեպաշտը կարողացավ համախմբել բոլոր առողջ ուժերին եւ Արշակունյաց թագավորության անկումից ու երկրում գրեթե երկու տասնամյակ տեւած անիշխանությունից հետո Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում եւ դրանց հարակից տարածքներում վերականգնել հայկական թագավորությունը:

«Կառավարման տարիներին հանդես եկավ կարեւոր բարեփոխումներով, եւ այդ համատեքստում նրա ստեղծած «Սահմանադրություն կանոնականը» հայ եւ համաշխարհային իրավագիտության պատմության գլուխգործոցներից է համարվում», նշել է Արայիկ Հարությունը եւ ընդգծել, որ ապագայի հանդեպ «մեր բոլոր ծրագրերը չեն կարող ոգի ունենալ, եթե ըստ արժանվույն չկարողանանք գնահատել եւ չարժեւորենք մեր անցյալը: Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի հիշատակի առջեւ մեր նախնիների, որոնք Արցախի հանդեպ սերը պաշտամունքի էին վերածել: Նրանց թողած պատգամը խոստացել եմ կրել՝ հանուն մեր հերոս ժողովրդի արժանապատիվ կյանքի ու Արցախի հզոր պետականության կերտման, եւ նույն նվիրականությամբ փոխանցել գալիք սերունդներին»:

 

  • Կիսվել: