չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է․

«Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և դաստիարակության գործում անչափ կարևոր է կենդանի շփումը: Նաև դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում և բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը: Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, և խնդրանքս է հետևողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Ուսումնական տարին նշանավորվում է նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը: Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլև տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու և ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:

Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձևավորման ճանապարհին է՝ դպրոցում և բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդո՛ր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան:

Բարի ՜ ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում»։

  • Կիսվել: