կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երիտասարդ արցախուհիների պատրաստած նվեր-տուփերը մի շարք երկրներում պահանջարկ են վայելում

Երիտասարդ արցախուհիների պատրաստած նվեր-տուփերը մի շարք երկրներում պահանջարկ են վայելում

Արցախցի երիտասարդ ձեռներեց Նարինե Հովհաննիսյանն իր ընկերուհու հետ մոտ 7 ամիս է , ինչ կյանքի է կոչել արցախյան ապրանքատեսակների ինքնատիպ փաթեթավորմամբ նվեր-տուփեր պատրաստելու բիզնես գաղափարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 22-ամյա Նարինեի և նրա ընկերուհու՝ Իննայի պատրաստած յուրօրինակ նվեր- տուփերը պարունակում են արցախյան էկոլոգիապես մաքուր մեղր, մուրաբա, չրեր, ձեռքի աշխատանքներ և այլն:

Մեզ հետ զրույցում Նարինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ձեռներեցության իրենց ծրագիրն իրականություն է դարձել «Վերելք» ծրագրի աջակցությամբ, որի շրջանակներում նախ ձեռք են բերել համապատասխան բիզնես գիտելիքներ, ապա դրանք համալրել գործնական հմտություններով։

«Ծրագրի արդեն 3-րդ փուլում ֆինանսական աջակցության արժանացավ նաև մեր համատեղ բիզնես գաղափարը: Արդեն 7 ամիս շուկայում իր տեղն ունեցող մեր նվեր-տուփերը, բացի Հայաստանից և Արցախից, իրացվում են աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում, Պարսկաստանում և Շվեդիայում:

Ինքնատիպ փաթեթավորմամբ յուրաքանչյուր տուփ ներառում է 10 տարբեր արտադրողների ապրանքատեսակներ: Տարվա եղանակներին համապատասխան տուփերի պարունակությունը փոփոխվում է, որպեսզի արտերկրի շուկայում կարողանանք ներկայացնել Արցախի լավագույն արտադրանքը, որոնք Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին մտովի կտեղափոխեն Արցախ»,-Նարինե Հովաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնության համար հիմք է ծառայել Արցախի շենացման գործում ներդրում ունենալու, արարելու աներկբա վճիռը, քանի որ պատերազմն իրենց ստիպեց հասկանալ ու արժևորել հայրենիքի կարոտն ու հերոս հայորդիների կյանքի գնով պահված հողի ջերմությունը:

  • Կիսվել: